ԶՈՄԲԻԱՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հեղափոխությունների պատճառն, ըստ մարքսիզմի դասականների (մարքսիզմն ուսմունք է դասակարգային պայքարի ու դրա միջոցով անդասակարգ հասարակություն կառուցելու վերաբերյալ), վերևների կառավարել չկարողանալն է հին ձևով ու ներքևների նախկինի նման ապրել չցանկանալը: Այնպես որ 2018-ի ապրիլյան իրադարձությունները օբյեկտիվորեն պահանջարկված էին, և ոչ մի Նիկոլ ու ոչ մի արևմտյան հետախուզություն ոչինչ անել չէր կարող՝ եթե բացակայեր օբյեկտիվ հիմքը:
Ուրիշ հարց, որ պահանջարկվածության սուբյեկտիվ կողմն ապահովել են արևմտյան գործակալական ցանցերը, որոնք արագացրել են գործընթացը: Բայց դրանք ևս իդեալիստ քաղաքական ֆիլանտրոպի (մարդասերի) ուղեղի արգասիք չէին. սովետական տիպի սոցիալիզմից կապիտալիզմին անցումը բերեց հասարակության մի, շատ փոքր մասի հարստացմանը և հսկայական մասի աղքատացմանը, ինչին հետևեց հարուստ պետությունների կողմից ձևավորված միջազգային հիմնադրամների օգնությունը: Իսկ որպեսզի այդ օգնությունը չթալանվեր կամ թալանվեր ոչ հրեշավոր չափով, ինչը տեղի էր ունեցել այս կամ այն աֆրիկական երկրում, ստեղծվում էին քաղաքացիական հասարակության կազմակերպություններ: Դրանք, իրենց հերթին, ձևավորում էին պահանջատեր քաղաքացիներ կամ այնպիսի անհատներ, որոնք իրենց ներկայացնում էին որպես այդպիսին: Իսկ հիմնադրամներից հետո և դրանց զուգահեռ հասարակական միավորներ էին ստեղծում հարուստ պետություններում ձևավորված պետական կամ ոչ պետական, հանրային ձևաչափով ստեղծված առանձին կառույցները:
Այսպիսով, դժգոհության օբյեկտիվ հիմքին գումարվում էր սուբյեկտիվ գործունեությունը, և համապատասխան պահին և վայրում բռնկվում էին գունավոր կոչված հեղափոխություններ. գունավոր հեղափոխության բնորոշ գիծը բողոքի զանգվածային փողոցային ակցիաների առկայությունն է: Իսկ բողոքի հիմքում, ինչպես արդեն ասվեց, նախկինի նման ապրելու ցանկության վերացումն էր, այսինքն՝ նախկին հասարակարգի, նախկին քաղաքական ուժի կամ ղեկավար անձի մերժումը: Հեղափոխական շարժման հաջողության դեպքում նախկինում գոյություն ունեցած անձի, կազմակերպության կամ հատկապես հասարակարգի մերժումը ժամանակի կարճատև կամ միջնաժամկետ կտրվածքում հասցվում էր տրամաբանական ավարտի: Ինչը նշանակում է, որ հասարակության մեծ մասի ատելությունը դեպի դրա փոքր մասը չէր ավարտվում հեղափոխությամբ, այլ ծավալվում էր դրանից դուրս: Եվ բնականաբար անընդհատ սնուցվում էր հեղափոխության շնորհիվ իշխանության եկած քաղաքական ուժի կամ անձանց (անհատի) կողմից: Այդ գործընթացը հանգեցնում է հեղափոխական զանգվածների զոմբիացմանը: Ինչն էլ, իր հերթին, ապահովում է իշխանության նկատմամբ համարյա թե անսահման լոյալության ձևավորումը՝ ինչպիսի սխալներ էլ այն թույլ տա ներքին կամ արտաքին հարցերում: Արդյունքում ստեղծվում է կախարդական շրջան՝ իշխանությունը զոմբիացնում է հասարակությանը, զոմբիացված հասարակությունն ապահովում է իշխանության երկարատևությունը:
Սակայն ժամանակի ընթացքում զոմբիացված հասարակությունը նվազելու միտում է ցուցաբերում, քանի որ առաջ է գալիս խոստումների և դրանց իրականացման (կախարդական փայտիկի բացակայությունը) անհնարինությունը: Բայց այդ իրավիճակը կարող էր շարունակվել անորոշ ժամանակ, եթե արտաքին կամ ներքին որևէ ուժ բռնի ուժով չընդհատեր այն: Իշխանության պահպանման և երկարաձգման համար անհրաժեշտ էր նաև այն ներքին թշնամին (հազվադեպ նաև արտաքին թշնամին), որի դեմ կուղղվեր զանգվածների ցասումը:
Իսկ դա անհրաժեշտ պայման էր, քանի որ ներքին թշնամու բացակայության դեպքում, ի վերջո, զանգվածային ցասումը կուղղվեր ընդդեմ գործող իշխանության, այն իշխանության, որը հաստատվել էր զանգվածների կողմից նախկիններին մերժելու արդյունքում: Եթե հեղափոխական էյֆորիայով վարակված երկիրը ունենար արտաքին թշնամի, ապա էյֆորիան բավարար պայման չէր, որպեսզի հաղթանակ ապահովվեր նաև արտաքին ճակատում: Այդ հարցում, ըստ արաբական առածի, (Ոչխարների բանակը, որ ղեկավարում է առյուծը, կհաղթի առյուծների բանակին, որի ղեկավարը ոչխար է) առաջնային է զորահրամանատարի անձի գործոնը: Իսկ արտաքին թշնամու բացակայության դեպքում իշխանության ղեկավարի թույլ կամ ուժեղ լինելը պայմանավորված է ոչ թե նրա անձնական հատկանիշներով՝ ուժեղ է նա, թե թույլ, այլ վերջինիս պոպուլիզմի ճափաբաժնով և բազմություններին հիպնոսացնելու իր ունակությամբ:
Իհարկե, մի օր այդ ամենն ավարտվում է. կա՛մ կյանքն է մտնում բնականոն փուլ և կա՛մ իշխանությունը կործանվում է, քանի որ նկարագրված պատումը դուրս է առօրյա կյանքի օրինաչափություններից: Իսկ այն, ինչ չի վերածվում սովորականի կամ առօրյայի, մի օր պետք է տեղը զիջի իրենից ավելի արմատական ուղղվածության ուժի, և կյանքը կընթանա պարույրաձև զարգացումներով:
Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
