-Shadow-Here--Shadow-Here- «Երեսուն տարի նրանք էնտեղ նստած են եղել. ինչ ուզում ես արա, քաղաքապետարանի շենք էլ տամ, իրենք չեն գալու». Դ.Առուշանյան – ԱՄԲԻՈՆ NEWS

«Երեսուն տարի նրանք էնտեղ նստած են եղել. ինչ ուզում ես արա, քաղաքապետարանի շենք էլ տամ, իրենք չեն գալու». Դ.Առուշանյան

Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը այսօր մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ մանրամասն խոսել է քաղաքապետարանի կողմից Գյումրիի առևտրականներին առաջարկված չորս տարբերակների մասին:
Դավիթ Առուշանյանը տեղեկացրեց, որ գործընթացը սկսվել է հունվարից, առևտրականների համար նոր խնդիրներ չստեղծելու համար պրոցեսը ձգձգվեց այնքան, մինչև իրենք էլ կարողացան այլընտրանքային տարբերակներ առաջարկել առևտրականներին:
«Քննարկվել է չորս տարբերակ, որոնց մի մասին նրանք համաձայն են եղել, հետո ընթացքում փոշմանել են այդ համաձայնությունից: Նրանք ասում են, որ մենք պիտի մնանք մեր տեղերը և վերջ, բայց այդ տարբերակը կառուցողական չէ: Ես նրանց ասել եմ, որ ավելի լավ է մենք բոլորս միասին նստենք, մտածենք, շուկա կառուցենք, քան վիճենք, որովհետև վեճը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Նրանց հետ բանակցությունների ընթացքում առաջնային խնդիրն այն է եղել, որ առևտրականները պիտի այնտեղ տեղավորվեն: Իմ ունեցած տեղեկություններով՝ մի քանի առևտրական միկրոյի շուկայում են տեղավորվել, մի քանիսը Լաչինի միջանցքում, բայց 5-6 ըմբոստներ կան, ովքեր մտածում են, որ կարողանալու են իրենց ասածը առաջ տանել»,- հայտարարեց Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը:
Առուշանյանն ասում է, որ երբ առևտրականները եկել են քաղաքապետի հետ հանդիպման, նրանց առաջարկվել է ավտոկայանի հետնամասը, և հենց այդ պահին առևտրականները գլխավոր ճարտարապետի, իրենց աշխատակիցների հետ տարածքը նայել են և ասել, որ ամեն ինչ լավ է, բայց հետո ասել են, որ այնտեղ էլ չեն գնա:
«Պատճառաբանեցին, որ փոշի է, հեռու է, էդտեղ մարդ չի գա և այլն, և այլն: Լաչինի միջանցքն էլ է մաքրվելու, բայց հաշվի առնելով մյուս առևտրականների տեղ չունենալու հանգամանքը՝ որոշվեց, որ Լաչինի միջանցքը մինչև դեկտեմբերի 31-ը մնա, բայց Լաչինի միջանցքի այն տեսքը, որ նախկինում էր, հիմա չկա էդ տեսքը: Սպիտակ գծեր են գծվել, որից առաջ առևտրականները իրենց ապրանքը չեն դնում: Այնտեղ աղբի խնդիրն ենք լուծում, աղբամաններ ենք տեղադրել, նաև լուսավորության խնդիրն ենք լուծում:
Միկրոյի շուկայի համար պատճառաբանում են, որ մեծածախ առևտուր է, բայց միկրոյի շուկայի տարածքում, բացի մեծածախից, շատ մարդիկ զբաղվում են նաև մանրածախ առևտրով:
Նրանք հազար ու մի պատճառաբանություն են բերում, որովհետև նրանց նպատակը իրենց տեղերում մնալն ու վաճառքն իրականացնելն է: Դա կապրիզ է ընդամենը, և մտածում են, որ եթե մի քիչ պայքարեն, կմնան իրենց տեղում, բայց ո՞ւմ դեմ են պայքարում այդ 5-6 հոգին»,- շեշտեց փոխքաղաքապետը:
Դավիթ Առուշանյանի խոսքով՝ Լաչինի միջանցք կոչվող հատվածը ամենառացիոնալ տարբերակն է այս պահին՝ նրանց խնդրի արագ լուծման համար:
Չորրորդ տարբերակը, ըստ Առուշանյանի, հին շուկան է, որի համար ևս բանակցություններ են իրականացվել:
Գյումրու փոխքաղաքապետը, անդրադառնալով ավտոկայանի շուկայի վերաբերյալ առևտրականների դժգոհություններին, հայտարարեց.
«Նրանք տարբեր պատճառաբանություններ, օրինակներ են բերում, և վերջին նախադասությունն այն է, որ թողեք 2 ամիս մնանք, 4 ամիս մնանք, բայց նրանց պատճառաբանությունն էլ նորմալ չէ, որովհետև մեկն ասում է՝ 2 ամիս մնանք, հարցնում եմ՝ ինչո՞ւ 2 ամիս, ասում է՝ դե 2 ամսից վարկս կվերջանա: Մյուսի վարկը 4 ամսից կվերջանա, էն մյուսը ուրիշ խնդիրներ ունի:
Երեսուն տարի նրանք էնտեղ նստած են եղել. ինչ ուզում ես արա, քաղաքապետարանի շենք էլ տամ, իրենք չեն գալու»,- եզրափակեց փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )