Եվրոպական հանձնաժողովն Instagram-ը և Facebook-ը վտանգավոր է համարում երեխաների հոգեկան առողջության համար

Եվրոպական հանձնաժողովը նախնական եզրակացության է եկել, որ Meta-ի Instagram և Facebook հարթակները խախտում են ԵՄ թվային ծառայությունների մասին օրենքը (DSA)՝ օգտատերերի, մասնավորապես՝ երեխաների և դեռահասների մտավոր և ֆիզիկական առողջության համար ռիսկերի պատճառով․ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի խոսնակ Թոմա Ռենիերը։

 

Նա նշել է, որ հետաքննությունը բացահայտել է, որ ընկերությունը չի կարողացել պատշաճ կերպով գնահատել տեսանյութերի ավտոմատ միացումների, push-ծանուցումների և խիստ անհատականացված առաջարկությունների ալգորիթմների հետ կապված ռիսկերը և չի կարողացել իրականացնել արդյունավետ մեղմացնող միջոցառումներ։

 

Ըստ գնահատման՝ Meta-ն խախտում է DSA-ն՝ կախվածություն առաջացնող դիզայնի պատճառով։

 

Եվրոպական միությունում մոտ 270 միլիոն մարդ օգտվում է Meta-ի ծառայություններից, և երեխաների գրեթե կեսն արդեն իսկ ունի Instagram հաշիվ 12 տարեկանում, չնայած սա ընկերության կանոններով սահմանված նվազագույն տարիքից ցածր է։

 

Հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ նման օգտագործման հետևանքները արտացոլվում են անչափահասների շրջանում անհանգստության, դեպրեսիայի և քնի խանգարումների աճով։ Հանձնաժողովի հրապարակած նախնական եզրակացությունների համաձայն՝ Meta-ն հաշվի չի առել իր ալգորիթմների և հարթակի գործառույթների ազդեցությունն օգտագործողի հարկադրական վարքագծի զարգացման վրա։ Մասնավորապես, պարզվել է, որ ընկերությունն անտեսել է առկա տվյալներն այն մասին, թե որքան ժամանակ են անչափահասները գիշերն անցկացնում Instagram-ում և Facebook-ում, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարող են Reels և Stories ձևաչափերը նպաստել ծառայությունների չափազանց օգտագործմանը։

 

Եվրոպական հանձնաժողովը նաև անբավարար է համարում հարթակի օգտագործման ժամանակը սահմանափակելու առկա միջոցները։ Անվտանգության կենտրոնի առանձին բաժնում տեղադրված հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկատվական նյութերը նույնպես անբավարար են համարվել։ Հանձնաժողովը կարծում է, որ Meta-ն պետք է փոխի երկու հարթակների ճարտարապետությունը։

 

Meta-ն կարող է տուգանվել իր համաշխարհային տարեկան եկամտի մինչև 6%-ի չափով։

 

 

Share This