Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի նախկին տնօրենը հայտնում է, որ դոնորները դադարեցնում են համագործակցությունը
Գյումրու Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը ֆեյսբուքի իր էջում այսօր տեղադրել է ավստրիացի գործընկերներից ստացված նամակների լուսանկարները, որոնցում, ըստ Կուրղինյանի, ավստրիացիները հստակ հայտարարում են մանկական հիվանդանոցի հետ հետագա համագործակցությունը դադարեցնելու մասին:
«Հատուկ նրանց համար, ովքեր հայտարարում են, որ ավստրիացի գործընկերները չունեն կարծիք կամ անտարբեր են Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Տարակուսանք, զայրույթ և հիասթափություն արտահայտող նամակների հոսքից տեղադրում եմ ընդամենը մի քանիսը։ Ավստրիացի գործընկերների նամակներում ցավոք կան նաև նախօրոք պլանավորած այցերի և ծրագրերի կասեցման մասին հայտարարություններ։ Կոռեկտության սահմանների մեջ մնալով՝ չեմ տեղադրում Ավստրիայի դեսպան պարոն Ալոիս Կրաուտի և մի շարք խոշոր դոնորների նամակները՝ ուղղված ՀՀ արտգործնախարարություն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- նաեւ գրել էր Կուրղինյանը։
Հիշեցնենք, որ ավելօի վաղ մենք գրել էինք, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրենի պաշտոնին է նշանակել Ժորժիկ Սերոբյանին, որը 2005 թվականից աշխատում է տվյալ բուժհաստատությունում: Բանն այն է, որ հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցում էին 3 թեկնածու:Նրանք էին՝ 15 տարի «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» ղեկավարած Աշոտ Կուրղինյանը, նույն հիվանդանոցի տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը և «Գյումրի» բժշկական կենտրոնի վիրաբույժ Հրաչ Մարտիրոսյանը:
