Գերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմ
Սաքսոնիայի Պլաուենում կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարության քաղաքականության դեմ անցկացված ցույցը հավաքել է շուրջ 10 հազար մարդ։ Այդ մասին հայտնել է Գերմանական մամուլի գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Ցույցը նախաձեռնել էր «Պրոյեկտ Միլիոն» շարժումը։ Մասնակիցները պահանջում էին դաշնային կառավարության հրաժարական, արտահերթ ընտրություններ, էլեկտրաէներգիայի ու գազի սակագների նվազեցում, հանրային-իրավական հեռուստառադիոհեռարձակման համակարգի բարեփոխում և «հանցագործություններ կատարած բոլոր դատապարտված անօրինական միգրանտների անհապաղ արտաքսում»։ «Այս կարտելը, այս կառավարությունը պետք է հեռանա»,– ասել է ելույթ ունեցողներից մեկը։
Ցուցարարները ծածանում էին Գերմանիայի և խաղաղության աղավնով կապույտ դրոշներ, պաստառներին՝ «Մերցը պետք է հեռանա», «Մեր փողերը՝ մեր ժողովրդի համար»։ Հակացույցերին մասնակցել է շուրջ 400 մարդ, ըստ ոստիկանության՝ ցույցերն անցել են խաղաղ։
