Բարձր երաժշտությունը մարզասրահներում կարող է բացասաբար ազդել լսողության վրա.
Բարձր երաժշտությունը մարզասրահներում (մասնավորապես խմբակային պարապմունքների սրահներում) կարող է բացասաբար ազդել լսելու ունակության վրա։ Այս մասին նշել է աուդիոլոգ Նաթալի Քալդերոնը Լսողության վերականգնման ամերիկյան ապահովագրական եւ բուժական կենտրոնից (HearUSA Healthnews)։
Հայտնի է, որ սպորտով զբաղվելը ռիթմիկ երաժշտության տակ ոչ միայն օգտակար է ֆիզիկական առողջության համար, այլեւ բարձրացնում է տրամադրությունը։ Քալդերոնը բացատրել է, որ երաժշտության բարձրության մակարդակը խմբակային ֆիթնես-պարապմունքների ժամանակ հաճախ գերազանցում է 90 դեցիբելը (մետրոյի գնացքի աղմուկի չափ) եւ անգամ 100 դեցիբելը ( համեմատելի է սիզամարգերի հզոր հնձիչի աղմուկի հետ)։
ԱՄՆ աշխատանքի անվտանգության եւ հիգիենայի ազգային ինստիտուտի փորձագետների խորհուրդների համաձայն՝ 94 դեցիբել աղմուկի ազդեցությունը չպետք է տեւի ամեն օր մեկ ժամից ավելի, իսկ 100 դեցիբել աղմուկի աղբյուրի մոտ պետք է մնալ ընդամենը 15 րոպե։
Աուդիոլոգը նշել է, որ երբ մարդը ենթարկվում է կարճատեւ կամ մշտական բարձր ազմուկի ազդեցությանը, լսողական համակարգի ռեցեպտոր-բջիջները կարող են վնասվել։ Բարձր երաժշտության երկարատեւ ունկնդրումը պարապմունքների ժամանակ կարող է հանգեցնել լսողության վատացման կամ կորստի, ինչպես նաեւ տինիտուսի (զնգոց ականջներում)։
Կարեւոր է նաեւ հետեւել երաժշտության բարձրությանը սեփական ականջակալներում։ Քալդերոնը խորհուրդ է տալիս օգտագործել միայն սարքի առավելագույն բարձրության 60 տոկոսը 60 րոպեի ընթացքում։
