Արփինե Հովհաննիսյանին մերժել են քաղաքական որոշման արդյունքում

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր բացահայտ խոստովանեց, որ քաղաքական նկատառումներից ելնելով են մերժել արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հայտը՝ ընդգրկվելու սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմում որպես իրավաբան-գիտնական։
«Մենք նպատակ չունեինք, գնահատում ենք տիկին Հովհաննիսյանի անկեղծ մղումները, որ ինքը հայտարարել է՝ ես անկեղծ մղումներով ուզում էի օգնել, մենք, իրականում, չենք ուզում այս քայլով ցույց տալ, որ մենք իր օգնության կարիքը չունենք կամ ունենք, դրա մասին չէ խոսքը, ուղղակի տիկին Հովհաննիսյանի հայտում նշված է, որ ինքը մասնակցել է նախորդ Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքներին, իրականում կարծես թե խոսք է գնում ոչ ֆորմալ մասնակցության մասին, որովհետև տիկին Հովհաննիսյանը հանձնաժողովի անդամ չի եղել։ Բայց մենք կասկածի տակ նույնիսկ դա էլ չենք դնում, այլ խնդիրը հետևյալն է՝ մեր պաշտոնական փաստաթղթում նշվում է, որ քննադատություն է հնչում 2015 թ․ փոփոխությունների և դրան հաջորդած պրոցեսների հետ կապված։ Եվ, բնականաբար, մենք չէինք կարող էդ հանգամանքը դրական առումով գնահատել այս փուլի ընտրության ժամանակ»,-ասաց Ռուստամ Բադասյանը։
Hraparak.am-ը նկատեց, որ ինքը հիմա անուղղակի ձևով ընդունեց կամ խոստովանեց, որ խնդիրը քաղաքական է եղել, Բադասյանն արձագանքեց․ «Այո, սա քաղաքական որոշում է, իսկ ի՞նչ կա էդտեղ զարմանալու»։
-Այսինքն՝ քաղաքական որոշում է կայացվել մերժել ընդդիմադիր թեկնածուին, քանի որ նա նախորդ իշխանության ներկայացուցիչ է, անկախ նրանից՝ նրա գիտելիքները բավարարո՞ւմ են, թե՞ ոչ։
-Քաղաքական որոշում է կայացվել, որ մեզ պետք են իրավաբան-գիտնականներ, և ըստ դրա քաղաքական որոշում է կայացվել դիմումի ուսումնասիրության ընթացքում՝ հաշվի առնելով իմ նշած դրական և բացասական հանգամանքները, և էդ չափանիշների հիման վրա հենց էդ վեց իրավաբան-գիտնականներն են ընտրվել։ Ուղղակի նշեմ, որ դիմած անձանց շրջանում բավական այլ արժանի անձինք կային։
-Արփինե Հովհաննիսյանը՝ որպես իրավաբան-գիտնական, եղե՞լ է մի չափանիշ, որին պրոֆեսիոնալ առումով չի համապատասխանել։
-Էստեղ խնդիրն այն է՝ ով որքանով է համապատասպանում։ Տիկին Հովհաննիսյանի մասնագիտական ունակությունները որևէ մեկը կասկածի տակ չի դնում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )