Ավելի վատ տեղ, քան խնամատար ընտանիքն է, չկա

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին վիրավորել են այս օրերին իրեն ուղղված մեղադրանքները։

Եթե չլիներ Բաթոյանի՝ գիշերօթիկ դպրոցները փակելու որոշումը, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի երկու թոռները կլինեին հատուկ դպրոցում, չէին թունավորվի շմոլ գազից ու չէին մահանա։ Նոր Հաճնի ողբերգությունը կրկին արդիական դարձրեց գիշերօթիկները փակելու կառավարության որոշումը։ Սոցիալական խնամքի հաստատությունները, գիշերօթիկ ու հատուկ դպրոցները փակելու քաղաքականությունը նոր չէ եւ իրականացվում է Հայաստանում արդեն 10 տարուց ավելի։ Պետությունն աստիճանաբար ազատում է ձեռքերը խնամազուրկ, թափառական, անբարենպաստ ընտանիքներում հայտնված երեխաների հոգսից՝ այն դնելով ՀԿ-ների, սոցիալական աջակցության կենտրոնների, համայնքների, խնամատար ընտանիքների վրա։ Այս իշխանությունների տարբերությունը նախորդներից այն է, որ նրանք դա արեցին արագացված տեմպերով, ձեռքի մեկ կտրուկ շարժումով։ Թեմայի շուրջ զրույց ունեցանք Հայաստանի ամենաօրինակելի համարվող՝ «Զատիկ» մանկատան նախկին տնօրեն Աշոտ Մնացականյանի հետ։ Ես՝ որպես խնամազուրկ երեխաների թեմաներում մասնագիտացած լրագրող, Մնացականյանը՝ որպես 26 տարվա մանկատան տնօրեն։
– Գիշերօթիկ ու հատուկ դպրոցները փակելու, երեխաներին ընտանիքներ ուղարկելու գործընթացն այս ձեւով իրականացնելը վտանգավոր չէ՞։ Նոր Հաճնի դեպքը ցույց տվեց, որ երեխաներն ընտանիքում ապահովագրված չեն փորձանքներից։ Իմ տպավորությամբ՝ վերահսկողությունն արդյունավետ չէ, երբ գործ ունենք աջակցության կենտրոնների ցանցի, ՀԿ-ների ու խնամատարների հետ։Կարծում եմ՝ խնդիրը բազմակողմանի է։ Մի կողմից ճիշտ եք, այդ ընտանիքներն էլ ընտանիքներ չեն, որոնց կարելի է վստահել այդ երեխաներին, մի կողմից էլ՝ այդ ընտանիքների հետ աշխատանքը դառնում է անհսկելի ու անկառավարելի քաոս։ Մարդկության երազանքն է՝ ստեղծել մի համակարգ, որտեղ այդ երեխային գցես, ու նրանք դառնան լավ մասնագետներ, ակադեմիկոսներ, կաֆել խփողներ եւ այլն։ Բոլորը ձգտում են այդ երազանքին հասնել, բայց չի ստացվում։ Տեսեք, թե ինչպիսի բազմազան կառույցներ են ստեղծել, երեխաներին բերում են ընտանիք, տանում են հաստատություն, այնտեղից՝ այստեղ, այնտեղ։ Շատ ճկուն են կառույցները, բայց արդյունքը գոհացուցիչ չէ։
– Խնամատար ընտանիքների մասին ի՞նչ կասեք։ Մեզանում դեռ շատ չէ ուսումնասիրված դրանց փորձը։
– Խնամատար ընտանիքների մոդելի շուրջ մեծ բում ստեղծվեց, բայց պատկերացրեք, ավելի վատ տեղ երեխային չես կարող դնել, քան այդ խնամատար ընտանիքն է։ Այնտեղ երեխաներ են լինում, հոգեբանական մթնոլորտը ծանր է լինում։ Մի մասնագետի էի հանդիպել, Շվեյցարիայից էր եկել, նա ասաց․ մեզ մոտ՝ Շվեյցարիայում, 10 երեխաներից մեկն է, որ դիմանում է մինչեւ 18 տարեկան խնամատար ընտանիքում, այն էլ ունենում է լուրջ հոգեբանական խնդիրներ։
– Մանկատանը համահարթեցման, սոցիալական արդարության սկզբունքը, որ դու մյուս բոլորի նման հավասար ես, փրկում է, երեւի։
– Գերմանիայից էլ մի աշխատող էր եկել, նրա հետ զրուցում էինք, ասաց՝ ես որքան ուսումնասիրել եմ, էս հին մոդելը, որը մանկատունն է, ամենալավագույն կառույցն է երեխաների համար։ Լավագույնը, իհարկե, ընտանիքն է, ոչ ոք չի ուզում վիճել, բայց եթե այդ ընտանիքը չկա, հնարավոր չէ ստեղծել մի այլ մոդել, որը բացարձակ փոխարինի ընտանիքին։ Բոլոր մոդելներն ունեն թերություններ, ուղղակի ամենաքիչ թերություններ ունեցողը մանկատան տարբերակն է, որը, մի կառույցի մեջ, հնարավորինս աչքի առաջ է։ Մանկավարժը չի խաղում, որ ինքը մամա է կամ պապա, այլ ասում է երեխային՝ ես շատ եմ ուզում, որ դու երջանիկ լինես։ Ոչ ոք չի խաղում այստեղ, ինչպես, ասենք, «Սոս Քինդերում», որտեղ մեկը մամա է խաղում, մյուսը՝ պապա, երրորդը՝ հորեղբայր։
– Դա կեղծիք է, որը երեխան զգում է անմիջապես։ Դաստիարակության մեջ կեղծիքը պե՞տք է։
– Ընդհանրապես, կեղծ միջավայրերը, կեղծ դերակատարումները բացասաբար են ազդում։ Ես 26 տարի ղեկավարել եմ հաստատությունը, մինչեւ եկել-հասել եմ այս փոփոխություններին։ Հիմնական փաստաթուղթը, որը մի ժամանակ գործկոմն էր տալիս, հետո տեղափոխեցին թաղապետարան, հետո՝ քաղաքապետարան, ամեն մեկը որ գալիս է, գործից չի հասկանում, ուզում է ցույց տալ, որ աշխատում է։ Դա վերանորոգումն է, ռեժիմի խստացումն է, կադրային քաղաքականությունը, որպեսզի ինքը ցույց տա, որ գործ է անում, արտաքին բաներ փոխելն է։ Ես կարծում եմ, որ կանցնեն ժամանակներ, ու կրկին կվերադառնան հին մոտեցմանը։
– Ասում են, որ երեխան պետք է ընտանիքում, տանը քնի, բայց ես գիտեմ, որ մայրերի թվում կան մարմնավաճառներ, երեխաներին մուրացկանության ուղարկողներ, այդ դեպքում ո՞րն է երեխային գիշերը տանը քնելու ուղարկելու իմաստը։ Չի՞ կարելի, արդյոք, շաբաթվա մեջ մի քանի ժամով տուն ուղարկել, որ ընտանիքից չկտրվի, ու աստիճանաբար, արդեն ինքը կորոշի՝ տուն գնա՞, թե՞ չէ։
– Ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել։ Ես նման փորձ չեմ ունեցել։ Գուցե վատ առաջարկ չէ, եթե եղել է նախկինում նման փորձ ու հաջող արդյունքներ է տվել։ Գուցեեւ եղել է։ Հետաքրքիր առաջարկ է։ Գուցե։ Բայց այդ երեխան ո՞նց է գնալու-գալու։ Կարծում եմ, ի վերջո, այդ երեխան փողոցում կհայտնվի, քանի որ եթե նա երկու տեղ է, հսկողությունը բարդանում է։ Վաղ թե ուշ, նա էլ չի գա այդ սոցիալական հաստատությունը, դու նրա տեղն էլ չես գտնի։ Ինձ մոտ եղել են դեպքեր, երբ որոշակի տարիքից հետո մայրերն ակտիվություն են ցուցաբերել, ուզել են վերցնել երեխաներին։ Եկել ենք որոշակի համաձայնության, որ երբ երեխան հասնի տուն, ինքը զանգի, այնտեղից երեխային առժամանակ հետո ուղարկի։ Բայց ի վերջո, մեր տեսողությունից դուրս մնալուց հետո, այս երեխաները բոլորը դուրս ընկան փողոց, քանի որ դա մանիպուլյացիաների, խաբելու մեծ հնարավորություն է ստեղծում երեխայի համար։ Կարծում եմ՝ դա ավելի կփչացնի երեխայի հոգեբանությունը, կզարգացնի սուտ խոսելու, խաբելու սովորությունը։ Այդ մոդելն արդյունավետ չեմ տեսնում։ Ես աշխատել եմ մի քանի հարյուր երեխաների հետ։ Կարծում եմ՝ մի 5-6 հոգու դեպքում միայն չի ստացվել։ Ու այս առումով, կարծում եմ, «Զատիկն» արդյունավետ է աշխատել։ Իհարկե, հիմա ես ինչ-որ բաներ այլ կերպ կանեի, բայց բացարձակ որակ այս աշխարհի վրա հնարավոր չէ տալ, ու Քրիստոսի աշակերտներից մեկը Հուդան էր։ Ընդհանրապես, ես նկատել եմ, որ արտասահմանում եթե ուզում են փաստել, որ կառույցը նորմալ է աշխատում, ասում են՝ 70 տոկոսով աշխատում է։ 70/30 հարաբերությունը համարվում է դրական, նշանակում է, որ կառույցը լավ է գործում։
– Այնուամենայնիվ, «Զատիկն» ունիկալ, անմոռանալի փորձ էր Հայաստանի պատմության մեջ։ Օբյեկտիվ եմ ասում, կարծում եմ, քչերը չեն համաձայնի։
– Ես դրանով հպարտ եմ։ Ես դա նկատում եմ։ Ինքս էլ զարմացած եմ։ Երեխեքս բոլորն էլ իրենց տեղը գտել են, բացառությամբ, երկու-երեքի։ Նորմալ ընտանիքներ են կազմել, երեխաներին գրկած՝ գալիս են, ամուսիններն էլ «Մերսեդեսով» մոտենում են, գալիս են, իրենց տանում են։ Ես ինձ լավ եմ զգում։ Ես դա բացատրում եմ հոգեւոր գիտակցությամբ, բոլորն այդ առումով պատրաստված էին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )