Առինջ մոլի գործը՝ դարակում․ ոմանք հարցերը լուծել են, մյուսները մնացել են փաստի առաջ
Ավելի քան երեք ամիս առաջ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված քաղաքական հետապնդումների շրջանակում Քննչական կոմիտեն, ի թիվս Ծառուկյանին պատկանող այլ բիզնեսների, կապարակնքեց նաև Առինջ մոլի թվով 26 տաղավար: Պատճառաբանությունն այն էր, թե իբր հենց այդ տաղավարներին շատ մոտ բարձրավոլտ էլեկտրասյուն է տեղադրված և բարձրավոլտ հոսանք է անցնում: Արդյունքում փողոցին հարող 26 տաղավար կապարակնքեց Քննչական կոմիտեն ու «անհետացավ»:
Մինչ օրս այս գործով որևէ տեղաշարժ չկա` քննիները Առինջ մոլի գործը դրել են դարակում և քնեցրել: Արդյունքում տուժում են փակված խանութների տերերը, որոնք շուրջ չորս ամիս է` չեն կարողանում առևտուր անել: Բայց ոչ թե բոլոր 26 տաղավարների տերերը, այլ նրանցից վեցը, քանի որ, մեր տեղեկություններով, մյուս 20 տաղավարները, որոնք մուտք ունեն նաև շուկայի ներսից, ներքին կարգով և քննիչների լուռ համաձայնությամբ` մի քանի օր անց բացվել են և շարունակում են աշխատել: Իսկ այն վեց տաղավարները, որոնց մուտքը դրսից է միայն, այսինքն` բարձրավոլտ էլեկտրասյան կողմից, մինչ օրս փակ են:
Ambion.news-ի տեղեկություններով` այդ վեց տաղավարների տերերը այս ընթացքում քանիցս հանդիպում են ունեցել Քննչական կոմիտեի քննիչների հետ, որ հասկանան` երբ կվերացվեն կապարակնքումները, սակայն քննիչները ուղիղ խոստովանել են, որ Առինջ մոլի գործը դրել են դարակում և որևէ քննչական գործողություն չեն կատարում, հայտնի է, չէ, թե երբ դրան ընթացք կտան: Նրանք առևտրականներին հասկացրել են, որ սա վերևից եկած հրահանգ է, ուստի իրենցից կախված չէ գործի ընթացքը: Կարճ ասած` պետք է, դրա համար էլ փակել են:
Ի դեպ, նմանատիպ մեկ այլ բարձրավոլտ էլեկտասյուն էլ կանգնած է Առինջ մոլից քիչ հեռու կառուցված «Առինձ գոլդ» առևտրի կենտրոնի մոտ, սակայն դա չեն կապարակնքել:
Ի դեպ, առաջին օրերին, երբ Քննչական կոմիտեն կապարակնքել էր այդ 26 տաղավարները, մոլի գրեթե բոլոր աշխատակիցները դուրս էին ելել ցույցի: Հիմա, երբ նրանց մեծ մասը ներքին կարգով իրենց հարցերը լուծեցին, այն մի քանի տաղավարի համար այլևս չեն ցանկանում միասնաբար ցույց անել` կարևորը իրենց հարցերը լուծել են և վերջ: Արդյունքում` այդ մի քանի տաղավարի տերերն են մնացել Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական հետապնդումից տուժածները:
