Առաջին անգամ զրկվածները վարորդական իրավունքը կվերականգնեն առանց քննության՝ 50 հազար դրամով
Կառավարությունը փոխել է վարորդական իրավունքից զրկվածների վերականգնման կարգը։ Արփինե Սարգսյանի խոսքով՝ առաջին անգամ զրկվածները 1 տարին լրանալուց կարող են մեկ անգամ վերականգնել իրավունքը առանց քննության՝ վճարելով 50 հազար դրամ պետական տուրք։
Ներկայում վերականգնումը իրականացվում է քննությամբ՝ անկախ առաջին լինելուց։ Նոր կարգով սահմանվում է 1 տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով. դրանց սպառման կամ կրկին զրկման դեպքում անձը վերադառնում է զրկման ռեժիմին և 1 տարի չի կարողանում վարել։
Նախագիծը ունի անցումային դրույթ՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 1-ն զրկվածների համար։ Այն վերաբերում է միայն Ոստիկանության վարչարարությամբ կիրառված դեպքերին և չի տարածվում դատարանների, օտարերկրյա մարմինների, ինչպես նաև առողջական կամ անգործունակության հիմքով դադարեցումների վրա։ 2025-ին զրկվել է 4911, 2024-ին՝ 5496 անձ, հիմնական պատճառը՝ ոչ սթափ վարելը։
