Աննախադեպ երաշտ Եվրոպայում
Եվրահանձնաժողովի Միավորված հետազոտական կենտրոնը հրապարակել է մի զեկույց,որում գիտնականները տագնապ են հնչեցնում՝Եվրոպայում աննախադեպ երաշտի կապակցությամբ։Այս մասին տեղեկացնում է BBC-ին։
Գիտնականները,մասնավորապես նախազգուշացրել են,որ ևրոպական մայրցամաքի 2/3-ը ուժգին երաշտի առջև է հայտնվել և իրավիճակը գնալով կարող է էլ ավելի վատթարանալ։Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել այնպիսի երկրներում,ինչպիսիք են Իտալիան,Իսպանիան,Պորտուգալիան,Ֆրանսիան,Գերմանիան,Նիդեռլանդները,Բելգիան,Լյուքսեմբուրգը,Ռումինիան,Հունգարիան,Սերբիան,Ուկրաինան,Մոլդովան,Իռլանդիան և Մեծ Բրիտանիան։Երաշտը ներառում է Եվրոպայի ընդհանուր տարածքի գրեթե կեսը,ավելի ստույգ 47%-ը։Զեկույցի հեղինակների հավաստմամբ,հողը այստեղ ամբողջությամբ չորացել է։Վերջին անգամ նման երաշտ ևրոպական մայրցամաքում եղել էր 500 տարի առաջ։
Բացի դրանից,Եվրոպայի տարածքի ևս 17%-ը գտնվում է չորացման և լիակատար ոչնչացման եզրին։Բուսականությունը փրկելու շանսերը այստեղ մինիմալ են։
Մեծ Բրիտանիայի մի շարք շրջաններում երաշտի առկայության մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածվել։Ծառերի տերևները օգոստոս ամսին շագանակագույն երանգ են ստացել,ինչը չափազանց անսովոր երևույթ է։
Գիտնականների հրապարակած զեկույցում նաև նախազգուշացում կա այն մասին,որ երաշտը՝բացասական մեծ ազդեցություն է ունենալու բերքատվության վրա և կտրուկ բարձրացնելու է անտառային հրդեհների վտանգը։Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը,որ հարավային Եվրոպայի որոշ շրջաններում օդի բարձր ջերմաստիճանը պահպանվելու է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում,ապա շատ տխուր պատկեր ենք ստանալու։
Եվրամիության գիտության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելի խոսքերով,ամառային շոգ եղանակը աննախադեպ ծանրաբեռնվածության է ենթարկում ջրամատակարարման համակարգը,որը իր հերթին լրացուցիչ խնդիրներ է ստեղծում ազգաբնակչության համար։«Մենք տեսնում ենք,որ զգալիորեն ավելացել են անտառային հրդեհները,որոնք վնաս են հասցնում բնությանը և բերքատվությանը։Անկասկած այս ամենը ուղղակիորեն առնչություն ունի կլիմայի գլոբալ փոփոխության հետ,որի բացասական դրսևորումները տարեցտարի ավելի նկատելի են դառնում»,-նշել է ևրոպացի պաշտոնյան։
Էկոլոգների տվյալներով,Եվրոպայի գրեթե բոլոր գետերը որոշ չափով ցամաքել են։Կան այնպիսի վայրեր,որտեղ գետերի չորացման մակարդակը այնքան բարձր է,որ տեսանելի են դարձել նույնիսկ ստորջրյա քարերը։Հարկ է նշել,որ սակավաջրությունը վնաս է պատճառում ոչ միայն նավարկմանը,այլ խնդիրներ է ստեղծում Եվրոպայի հիդրոէլեկտրոէներգիայի արտադրության ոլորտում։Ի դեպ,ընթացիկ տարում արտադրության ծավալներն այստեղ նվազել են 20%-ով։
Այսպիսով կարող ենք փաստել,որ Եվրոպայի մայրցամաքը հայտնվել է էկոլոգիական լուրջ ճգնաժամի առջև։Ամբողջ ամառվա ընթացքում,ինչպես արդեն նշել էինք,երաշտ էր նկատվում ևրոպական շատ երկրներում,սակայն իրավիճակը հատկապես սրվեց օգոստոս ամսին,երբ օդի ջերմաստիճանը էքստրեմալ մակարդակի հասավ Միջերկրական ծովի տարածաշրջանում։Նման անսովոր տապը,ըստ մասնագետների,տևելու է մինչև նոյեմբեր ամիս։
Այսպիսով,բերքին մեծ վնաս պատճառած երաշտի հետևանքով,իրական է դառնում սովի առաջացման վտանգը,որի մասին՝բարեկեցիկ Եվրոպան վաղուց էր մոռացել։Եվ սա դեռ ամենը չէ…
Արևմուտք-Ռուսաստան առճակատման պատճառով,Եվրոպան կարող է հայտնվել էներգոռեսուրսների դեֆիցիտի առջև,այստեղից բխող բոլոր տխուր հետևանքներով։
Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)
