ԱՄՆ պետական պարտքը հերթական ռեկորդն է սահմանել
ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 34 տրիլիոն դոլարը, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2024 թվականի հունվարի 2-ի դրությամբ դրա չափը հասել է 34,001 տրիլիոն դոլարի։
Պետական պարտքն այս մակարդակին հասել է մի քանի տարի շուտ, քան կանխատեսվում էր մինչև համաճարակը, գրում են ամերիկյան լրատվամիջոցները։
COVID-19 համաճարակը, որը սկսվել է 2020 թվականին, առաջացրել է երկրի տնտեսական զարգացման դանդաղում։ Կառավարությունը մեծ պարտքեր է վերցրել այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի և այժմ նախագահ Ջո Բայդենի օրոք՝ տնտեսությունը կայունացնելու և դրա վերականգնմանն աջակցելու համար: Այնուամենայնիվ, դա հանգեցրեց գնաճի աճի, ինչի հետևանքով տոկոսադրույքները բարձրացան և պարտքի սպասարկումն ավելի թանկ դարձրեց:
«Մինչ այժմ Վաշինգտոնը փող էր ծախսում, կարծես անսահմանափակ ռեսուրսներ ուներ», – ասում է Լոյոլա Մերիմաունթ համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Սունգ Վոն Սոնը:
«Բայց հիմնականն այն է, որ չկա անվճար ճաշ, և ես կարծում եմ, որ հեռանկարը բավականին տխուր է»:
ԱՄՆ-ում պարտքը կազմում է մոտ 100 հազար դոլար մեկ անձի համար։
Պետական զգալի պարտքը դեռևս չի ճնշում ամերիկյան տնտեսության վրա, սակայն առաջիկա տասնամյակների ընթացքում դրա շարունակական աճը կարող է սպառնալ ազգային անվտանգությանը և այնպիսի նշանակալի ծախսերի, ինչպիսիք են Սոցիալական ապահովությունը և առողջապահությունը, գրում է ABC News-ը։ Միևնույն ժամանակ, Կոնգրեսում պարտքի սահմանաչափի շուրջ հաջորդ բախումները կարող են դառնալ ֆինանսական ռիսկ, եթե ներդրողները վստահ չլինեն ԱՄՆ-ի՝ պարտքը մարելու պատրաստակամության մեջ:
ԱՄՆ պետական պարտատոմսերի օտարերկրյա խոշոր գնորդները, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և եվրոպական երկրները, արդեն կրճատել են իրենց ներդրումները դրանցում։
Պետերսոն հիմնադրամի տվյալներով՝ 2011 թվականին ԱՄՆ պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրումները հասել են 49 տոկոսի առավելագույնին, իսկ 2022 թվականի վերջին նվազել են մինչև 30 տոկոս:
«Նայելով առաջ՝ պարտքը կշարունակի աճել, քանի որ գանձապետարանը նախատեսում է մինչև մարտի վերջ մոտ 1 տրիլիոն դոլար ավելի վարկ վերցնել», – ասում է հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Պետերսոնը:
«Տրիլիոն առ տրիլիոն, տարեցտարի պարտքի ավելացումը պետք է կանգառի նշան լինի ցանկացած քաղաքական գործչի համար, ով մտածում է մեր երկրի ապագայի մասին»։
