<<168 ժամ>>Քաղաքապետարանը առողջապահական ապահովագրության պայմանագիրը կնքվել է Խ. Սուքիասյանի ընկերության հետ
«168 ժամ» թերթը գրում է. «2018 թ. թավշյա իրադարձությունները և իշխանափոխությունը որոշ գործարարների կյանքում մեծ փոփոխություններ են բերել։ Դա է պատճառը, որ նրանք ժամանակ առ ժամանակ առիթը բաց չեն թողնում Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության, առհասարակ՝ նոր իշխանությունների գովքն անելու՝ չնկատելու տալով բազմաթիվ բացթողումներն ու արատավոր, կոռուպցիա պարունակող երևույթները։ Վերջերս գործարար Խաչատուր Սուքիասյանը քննադատում էր նախկին իշխանություններին և, մասնավորապես, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Մամուլը հիշեցրեց, թե ինչպես էր նա ամեն կերպ փորձում սերտ հարաբերություններ, շփումներ ունենալ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան հրավիրելով իր այս կամ այն բիզնես նախաձեռնության միջոցառումներին, ինչպես, օրինակ, 2016թ. «Ռոսիա Մոլ» կենտրոնի բացմանը։ Բայց սա մի կողմ թողնենք, ինչպես նաև մի կողմ թողնենք այն, որ Սուքիասյանները դեռևս 90-ականներից ամեն կերպ օգտվել են իշխանությունների հետ ունեցած մտերիմ հարաբերություններից, մասնավորապես՝ Վանո Սիրադեղյանի հետ ունեցած բարեկամական հարաբերություններից։ Խնդիրն այն է, որ գործարարը, որն իրեն մշտապես թույլ է տալիս տնտեսական վերլուծություններ անել, չի տեսնում այն լրջագույն խնդիրները, որոնց առջև կանգնած է երկիրը և ՀՀ քաղաքացին։ Իսկ ինչո՞ւ չի տեսնում այդ խնդիրները։ Պատճառը շատ պարզ է՝ անձնական շահը։
Եվ այսպես, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 3 միլիոն դրամից ավելի պայմանագիր է կնքել գործարար Խաչատուր Սուքիասյանին և նրա ընտանիքին պատկանող «Սիլ-Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ։ Քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների ապահովագրությունն իրականացրել է հենց Խաչատուր Սուքիասյանի ընկերությունը։
Ըստ էության, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 87 տրանսպորտային միջոցների ապահովագրությունը պատվիրել է «Սիլ-Ինշուրանսին»։ Արդեն հունիս ամսին երկկողմանի համաձայնագրով տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է՝ հասնելով 100-ի։
Մամուլում հրապարակում էր եղել նաև այն մասին, որ վարչապետի աշխատակազմի տրանսպորտային միջոցների զգալի մասի ապահովագրությունն էլ է պատվիրակվել «Սիլ-Ինշուրանսին»:
Եվ ահա երեկ «168 Ժամը» տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական ապահովագրությունն էլ է կատարում գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Ինշուրանսը», մի բան, որ նախկինում չի եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում