«Խնդրում եմ ինձ հրավիրել հարցաքննության». Կարեն Լազարյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին

Կարեն Լազարյանի դիմումը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝«Խնդրում եմ ինձ հրավիրել հարցաքննության»

 

Հարգելի պարոն Նահապետյան

 

Արդեն երկրորդ անգամ՝մայրաքաղաքային ինչ որ լրատվամիջոցներով տարածվում են «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ-ին առնչվող և ինձ վարկաբեկող տեղեկություններ:

 

Երկու դեպքում էլ վկայակոչվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իբր գտնվող փաստերը:

Մի կողմ թողնենք հարցը, թե ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտեի տրամադրության տակ գտնվող և նախաքննական գաղտնիք համարվող նյութերը հայտնվում լրատվամիջոցների ձեռքում, եթե, իհարկե, վերջիներս չեն ստում՝ հղում կատարելով Հակակոռուպցիոն կոմիտեին:

 

Խնդիրն այն է, որ այդկերպ ավելի է սաստկանում անձիս դեմ մոտ մեկուկես տարի առաջ պատվիրված ու ծավալվող արշավը: Ընդ որում՝ այդ նպատակով, անգամ ոչ իրավասու անձանց կողմից, ինչ –ինչ ապացույցներ կորզելու համար օգտագործելով ոչ իրավաչափ և հանցավոր մեթոդներ, որին Դուք հավանաբար տեղյակ եք առնվազն մամուլի հրապարակումներից:

Դա էլ թողնենք մի կողմ:

 

2009-25 թվականներին՝ 16 տարի, ինքս եմ գլխավորել «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը: Եվ այդ կրթօջախի գործունեության համար ինքս եմ նախևառաջ պատասխանատու:

Տեղեկացնում եմ՝ մինչև այժմ հրապարակված բոլոր տեղեկություններն ամբողջապես սուտ են, հորինված են, ենթադրված են, իրականության հետ որևէ աղերս չունեցող են, զրպարտչական բնույթ կրող ու մեր տարիների գործունեությունը վարկաբեկող են:

 

Զրպարտության, ապատեղեկատվության և սուտ մատնությունների արշավը, ինչպես տեսնում եմ, չի դադարելու, քանի դեռ յուրաքանչյուր՝ այսպես կոչված բարձրացված հարցի վերաբերյալ Դուք չեք իմացել ճշմարտությունը:

Ուստի և խնդրում եմ Ձեր հանձնարարությունը՝ ինձ կանչելու-հրավիրելու հարցաքննության:

 

Հայտարարում եմ՝ լուծարված քոլեջում չէր կարող տեղ գտնել անգամ 1 դրամի կամ մեկ գույքի կորուստ, չէր կարող տեղ գտնել ՀՀ գործող օրենքներից որևէ պահանջի խախտում:

 

Ի դեպ, պաշտոնավարմանս տարիներին՝ մեր իսկ նախաձեռնությամբ ու անձնական կապերի շնորհիվ, մոտ 100 մլն դրամի աջակցություն ենք բերել քոլեջին՝ դրամի տեսքով, գույքի տեսքով, շինաշխատանքների տեսքով:

Այսինքն՝ մեր գերխնդիրը քոլեջին ու կրթական գործին ծառայելն է եղել և ոչ թե քոլեջի միջոցները, այդ թվում՝ սովորողների ուսման վճարը, մեր անձին ծառայեցնելը, ինչպես կատարվեց մեզանից հետո:

 

Սույն դիմումով նաև ակնկալիքս եմ հայտնում, որ հայտնի անձանց կողմից Ձեզ հաղորդած տեղեկությունները չհաստատվելու և չապացուցվելու պարագայում՝ սուտ մատնության հեղինակները նույնպես պատասխանատվություն կկրեն օրենքի ամբողջ խստությամբ:

Առայժմ այսքանը:

 

Հարգանքով՝

Կարեն Լազարյան

26 հուլիսի 2026 թ.

Share This