Վրաստանը բացառության կարգով իր օդային տարածքը կբացի ռուս խաղաղապահներին տեղափոխող օդանավերի համար
Երևանի ու Բաքվի խնդրանքով Թբիլինին բացառության կարգով կբացի իր օդային տարածքը Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահներ տեղափոխող ռուսական ինքնաթիռների համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։
«Ռուս խաղաղապահների զորակազմի մի մասը նախապես համաձայնեցված, որոշակի ու սահմանափակ ժամանակահատվածում հակամարտությունների գոտի կտեղափոխվի վրացական օդային տարածքով։ Այս մասին մեր գործընկերները տեղեկացված են», – հայտնել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»,- ասել է նա: