<<Չեմ կարծում, որ այնտեղ ռազմական պարտություն է գրանցվել, այնտեղ այլ պարտություն է եղել… քաղաքական>>. ռուս ռազմական փորձագետն՝ արցախյան պատերազմի մասին
Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն իր յութուբյան Соловьёв LIVE ալիքի ուղիղ եթերում ռուս ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովի հետ զրուցել է արցախյան պատերազմում հայկական կողմի պարտության մասին:
Հայաստանն ամբողջովին գտնվում է շատ մեծ հուսահատության մեջ: Այն, ինչ այնտեղ տեղի ունեցավ… չեմ կարծում որ այնտեղ ռազմական պարտություն է տեղի ունեցել: Այնտեղ այլ պարտություն է եղել… քաղաքական»,- շեշտել է Լեոնկովը:
Սոլովյովը համաձայնել է այդ տեսակետին՝ նշելով, որ «առաջին իսկ օրերին, չնայած ամբողջ տեխնիկայի, այդ թվում՝ անօդաչուների առկայությանը»՝ ադրբեջանական ուժերը «չեն կարողացել անգամ 1.5 կմ առաջ շարժվել»
«Ամենածանր մի քանի օրը պահել են, խափանել են բլից-կրիգը, իսկ հետո հանկարծակի վերցրին ու քանդվեցին: ԱՀա և ոչ ոք չկա: Տեխնիկան հանձնել են: Ինչպե՞ս կարելի էր չպայթեցնել տանկերը»,- հայտարարել է հաղորդավարը՝ նկատի ունենալով Բաքվի ռազմական շքերթի ժամաակ ցուցադրված հայկական և արցախյան տեխնիկան:
«Այնտեղ դա ըստ հրամանի է եղել»,- հավելել է Լեոնկովը, ապա անդրադարձել նաև Շուշիի հարցին: «Ուշադիր նայել եմ, կարդացել … Տեղեկությունը հետևյալն է, որ Շուշին վերցրել է ոչ թե ադրբեջանական բանակը, այն վերցրել է ԴՀԽ-ն (դիվերսիոն-հետախուզական խումբը՝ խմբ.)… Դրանից հետո տեղի են ունեցել այն իրադարձությունները, որ գիտենք, համաձայնություն է ստորագրվել և այլն»,- հայտարարել է Լեոնկովը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: