Պետք չէ առաջնորդվել խելագարության կանխավարկածով
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում «Դիլիջան ազգային պարկ» տնօրենի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ․ դեկտեմբերի 1-ին Երևանի բնակչուհուց ահազանգ է ստացվել «Գետափ» ռեստորանային համալիրի բակում գլխի շրջանում հրազենային վնասվածքով շուն հայտնաբերելու վերաբերյալ և նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՊՈԱԿ տնօրենն իրեն ամրակցված «ՏՕԶ»-16 մոդելի որսորդական ակոսափող հրազենով կրակել է շան գլխի հատվածին, որը հանգեցրել է կենդանու մահվան։
Տնօրեն Սուրեն Աղաջանյանը, ով նաև «Գետափ»-ի սեփականատերն է, ոստիկաններին հայտնել էր, որ իր շունն է, կրակել է, իսկ կրակել է, քանի որ վերջին մի քանի օրերին շունը մի քանի անգամ հարձակվել է աշխատակիցների և հաճախորդների վրա: Հայաստանում առաջին անգամ կենդանի սպանելու այս նախագիծը, որի հեղինակը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է, (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քրեականացումը) սոցիալական ցանցերում օգտատերերի մոտ առաջացրել է մոտավորապես նույն հարցադրումները, որոնք ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ լսվում էին․ մասնավորապես, ինչու՞ մարդը կարող է մորթել իր կովին, հավին, գառանն ու բադին, որոնք նույնպես նրա սեփականություն են, իսկ մարդը չի կարող սպանել իր՝ կատաղության նշաններ ցույց տվող շանը։
Կամ ինչու՝ մի դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսվում կենդանուն սպանելու համար, մի դեպքում ոչ։ Հարցադրումների հետ կապված Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այդ թեմայով հոգնել է խոսելուց, միայն նորից կրկնեց, որ քրեականացումը վերաբերում է բացառապես և միայն դիտավորությամբ կենդանուն, բոլոր կենդանիներին խոշտանգելուն։ Ինչ վերաբերում է վերը նշված հարցադրումներին, թե բա ինչու ընտանի կենդանիներին կարելի է մորթել, ապա ասաց․ «Հիմա ինչ, եթե ուզում եք, որ դա էլ անենք, պետք է անցնենք բուսակերության։ Պետք չէ առաջնորդվել խելագարության կանխավարկածով»։
Ի դեպ, տեղեկացանք, որ օրենքի քննարկման ժամանակ այդ հարցը ևս քննարկվել է, բայց չի ներառվել։Այնուամենայնիվ, Նաիրա Զոհրաբյանի օգնական և օրենքի նախագծի մշակմանը ներգրավված Դավիթ Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարցադրումը վերաբերում է Անասնաբուժության մասին օրենքին։ Դրանով հավը, բադը և մնացած կենդանիները համարվում են գյուղատնտեսական կենդանիներ, որոնց՝ գյուղարտադրանքը, այսինքն՝ սպանդը, բնականաբար, քրեականացված չէ։
Նաև օգնականն ասում է, որ հավին կամ կովին մորթելու մեջ որևէ հանրային վտանգավորություն չկա, բայց եթե ինչ-որ մեկը հավին կապի իր մեքենայից ու քարշ տա՝ արդեն կա և նաև կա քրեական հանցակազմ։
Ինչ վերաբերում է նրան, որ շունն ինչ-որ մեկի սեփականությունն է, ապա ասում է, որ շունը, կատուն, թութակը այո, համարվում է ինչ-որ մեկի սեփականություն, եթե գրանցված է։ Բայց նաև նշում է, որ դա տիրոջը՝ սեփականատիրոջը որևիցե իրավունք չի վերապահում սպանել շանը։ «Այդ մարդուն մեղադրանք են առաջադրել, քանի որ նա հրազենի միջոցով սատկացրել է շանը։ Ստեղ ծանրացնող հանգամանքներն են՝ եթե կատարվել է մի խումբ անձանց կողմից, համաձայնությամբ, առանձին դաժանությամբ, մանկահասակի ներկայությամբ, երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ»։
Նրա խոսքով՝ օրենքի նախագծի հիմնական գաղափարախոսությունը կենդանի նկատմամբ դաժան վերեբերմունք թույլ չտալն է։ Իսկ դաժան վերաբերմունքն է՝ կենդանուն խեղդելը, կախելը, մասնատելը, ուժեղ հարվածելը, թունավորելը, հրազենով կրակելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցից նետելը կամ այնպիսի նյութ ներարկելուն, որը հանգեցնում է դաժան և տառապալից մահվան։ Քրեականացված են նաև Հայաստանում լայնորեն տարածված կենդանիների մարտերի կազմակերպումը։ Ըստ փորձագետի՝ նման լայն ցանկը այսպես կոչված՝ ֆանտաստիկայի ժանր է, թե ինչ կարող է անել մթագնած ուղեղով կամ սադիստ մարդը կենդանու հետ։