Ով է կադաստրի նոր պետը
Այսօր հայտնի դարձավ, որ Սարհատ Պետրոսյանի փոխարեն Կադաստրի պետական կոմիտեի պետ է նշանակվել Ճարտարապետաշինարարական համալսարանի դասախոս Սուրեն Թովմասյանը։ Թովմասյանը տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ է։ Ծնունդով Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքից է, ծնվել է 1986 թվականին՝ 33 տարեկան է։ 2006-2010թթ. Սովորել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Արդյունաբերության և քաղաքացիական շինարարություն» ֆակուլտետի «Քաղաքային կադաստր» մասնագիտությամբ, ստացել է ճարտարագիտության բակալավրի աստիճան, 2010-2012թթ. Սովորել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Արդյունաբերության և քաղաքացիական շինարարություն» ֆակուլտետի «Քաղաքային կադաստր և կիրառական գեոդեզիա» մասնագիտությամբ, ստացել է ճարտարագիտության մագիստրոսի աստիճան:
2012-2014թթ.Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում գիտական աստիճանի հայցորդ: 2013 թ-ից առ այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի ասպիրանտ:
Թովմասյանի աշխատանքային գործունեությունը սկսվում է 2008 թվականից։ 2008-10 թվականներին աշխատել է Արփա-Սևան ԲԲԸ-ում որպես գեոդեզիստ, 2010թ.-ից առ այսօր ՃՇՀԱՀ-ում՝ որպես գեոդեզիստ։ Զուգահեռաբար 2014 թվականից Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության ԾԻԳ-ում, իսկ 2015 թվականից Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության ԾԻԳ-ում է աշխատել որպես գեոդեզիստ։ 2015թ-ից առ այսօր ՃՇՀԱՀ «Ինժեներական գեոդեզիա» ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է։
Թովմասյանը հեղինակել է 7 գիտական և ուսումնամեթոդական աշխատանք, գերազանց տիրապետում է հայերենին և ռուսերենին, լավ՝ անգլերենին։ Թովմասյանն ամուսնացած է։ Կինը՝ Անուշ Մարգարյանը նույնպես դասախոսում է Ճարտարապետաշինարարական համալսարանում։