Ոստիկանները հայտնաբերեցին պատերազմի ընթացքում իբր անհետ կորած համարվող սպանության մեղադրանքով հետախուզվողին
Քրեական ոստիկանության հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության ծառայողները դեկտեմբերի 24-ին տեղեկություն են ստացել առանձնապես ծանր հանցագործության կատարման մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, հիշյալ վարչության ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայում հայտնաբերել ու ՔՈԳՎ բերման են ենթարկել Գյումրիում հաշվառված 24-ամյա երիտասարդին, որը 2020 թվականի սեպտեմբերից ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք։
Նրա հայրը 44-օրյա պատերազմի ընթացքում դիմել էր համապատասխան մարմիններ ու հայտնել, որ իրենց որդին գնացել է Արցախ՝ մարտական գործողություններին մասնակցելու, և անհետ կորել։
Երիտասարդի տվյալները հաշվառվել էին անհետ կորածների ցուցակում, սակայն ոստիկանության ծառայողների հետևողական միջոցառումների շնորհիվ փաստվել է, որ ծնողները իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էին հայտնել համապատասխան մարմիններին:
Սպանության մեղադրանքով հետախուզվողը բերվել է քրեական պատասխանատվության դաշտ։
Նախաքննությունը շարունակվում է։