Մարոկկո-Իսրայել հարաբերությունների կարգավորումից հետո ԱՄՆ-ն պատրաստվում է Մարոկկոյին կատարելագործված անօդաչուներ վաճառել. Reuters
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում է MQ-9 Reaper տեսակի կատարելագործված անօդաչու սարքեր վաճառել Մարոկկոյին՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումից հետո: Այս մասին տեղեկացրել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով իրեն մոտ կանգնած աղբյուրներին:
Նշվում է, որ նախագիծը Կոնգրեսի քննարկմանը կդրվի Արաբական Միացյալ Էմիրությունների հետ զենքի վաճառքի պայմանագրի հաստատումից հետո:
Վերոնշյալ անօդաչու սարքերը արտադրված են ամերիկյան General Atomics ընկերության կողմից և նախկինում կիրառվել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից՝ Աֆղանստան հրթիռներ արձակելու նպատակով:
Ամերիկյան վարչակազմը հայտարարել է, որ Իսրայելի և Մարոկկոյի հարաբերությունների կարգավորումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի միջնորդությամբ և համաձայնագրի արդյունքում երկու երկրները պայմանավորվել են հաստատել լիարժեք դիվանագիտական հարաբերություններ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Մարոկկոն և Իսրայելը պայմանավորվել են կարգավորել իրենց հարաբերությունները՝ ամերիկյան միջնորդությունից հետո: Ինչպես նաև ասել էր, որ ստորագրել է Արևմտյան Սահարայի նկատմամբ Մարոկկայի ինքնիշխանությունը ճանաչող հռչակագիր:
Նշենք, որ օգոստոսից ի վեր Մարոկկոն դարձել է 4-րդ արաբեկան երկիրը՝ ԱՄԷ-ից, Բահրեյնից և Սուդանից հետո, որը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ: