Մարդիկ մոտենում, ասում են՝ բռնեք, նստացրեք, շատ փափուկ եք դուք

Խորհրդարանն ընդունել է ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակավորելու մասին օրինագիծը: Ընդդիմադիր խմբակցությունները պնդում էին, որ սա քաղաքական հետապնդում է ՍԴ անդամների նկատմամբ: Այս առնչությամբ այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Factor TV-ի եթերում ասել է. «Ես չեմ տեսնում քաղաքական հետապնդում: Կա ճգնաժամ, ճգնաժամը պետք է լուծվի, այսպես երկար շարունակվել չի կարող: Ընդդիմությունը շատ տարբեր հայտարարություններ է անում, բայց իրենք էլ գիտեն, որ կա այդ ճգնաժամը: Մեր ընդդիմադիր գործընկերներն ասում են՝ Սահմանադրական դատարանը մեր աչքի լույսը չի, Հրայր Թովմասյանը մեր աչքի լույսը չի: Բայց, կներեք, ՍԴ-ն պետք է լինի մեր աչքի լույսը, Հրայր Թովմասյանը չէ, բայց ՍԴ նախագահը պետք է լինի մեր աչքի լույսը: Մենք աչքի լույսի նման պետք է փայփայենք մեր Սահմանադրական դատարանը և նրա նախագահին, պետք է վստահենք: Հիմա ասում են՝ մեր աչքի լույսը չեն, բայց թող մնան, աշխատեն: Այդպես չի լինի»,- ասել է նա:
Նրա խոսքով` ժողովուրդն իրենցից պահանջում է շատ ավելի կոշտ միջոցառումներ. «Երբ փողոցում մոտենում են, ասում են՝ բոլորին բռնեք և նստացրեք, շատ փափուկ եք դուք: Բազմահազար նման մեկնաբանություններ եմ կարդացել, նման նամակներ եմ ստացել ֆեյսբուքում, փողոցում մարդիկ մոտեցել և նման կոչեր են արել»,- նշել է պատգամավորը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )