Հռոմի պապը հավատացյալներին կոչ է արել խուսափել բամբասանքներ տարածելուց
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի դիմել է հավատացյալներին՝ կոչ անելով զգուշանալ և խուսափել բամբասանքներ տարածելուց, գրում է CNN-ը։
«Եղբայրներ և քույրեր, խնդրում եմ, եկեք ջանքեր գործադրենք՝ բամբասանքը դադարեցնելու համար։ Բամբասանքը շատ ավելի սարսափելի ախտ է, քան COVID-19-ը»,- ասել է Հռոմի պապը։
Նա զգուշացրել է, որ բամբասանքները կարող են կաթոլիկ եկեղեցու պառակտման պատճառ դառնալ։
«Սատանան մեծագույն բամբասողն է, որը միշտ վատ բաներ է պատմում ուրիշների մասին, քանի որ մեծ ստախոս է և դրանով փորձում է տարանջատել եկեղեցին»,- ասել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը:
Ինչպես նկատում է աղբյուրը, սա առաջին դեպքը չէ, երբ Հռոմի պապը հավատացյալներին կոչ է անում զերծ մնալ բամբասանքներից․ 2016թ. նա քահանաներին և միանձնուհիներին զգուշացրել էր «բամբասանքի ալիքի վրա յուղ չլցնել»՝ կոչ անելով դիմադրել իրենց համայնքում բամբասանքներ տարածելու գայթակղությանը:
«Եթե ձեր մեջ ցանկություն առաջանա ձեր եղբոր կամ քրոջ դեմ ինչ-որ բան ասելու կամ բամբասելու, կծե՛ք ձեր լեզուն։ Ուժգի՛ն»,- ասել էր նա։