Կիսաքանդ, հողե շինությունից՝ նոր կառուցված տուն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են իրենց ուշադրության կենտրոնում պահել սահմանապահ գյուղերը։ Արդյունավետ գործընկերության շնորհիվ այս անգամ բնակարանամուտ են նշել Տավուշի մարզի Դովեղ գյուղում բնակվող Կիրակոսյանները: Այս ընտանիքն ստիպված է եղել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ։ Հայրական տան` անբավարար տարածքի պատճառով Կորյունն ամուսնությունից հետո իր ընտանիքով ապրել է նկուղային, կիսաքանդ, որոշակի հատվածով հողի մեջ գտնվող շինության մեջ։ Ութ տարվա դժվար կենցաղից հետո, խոնավ եւ մութ պատերից ազատվելու հույսով, Կորյունը գնել է կիսակառույց, սակայն շինարարությունն ավարտել այդպես էլ չի կարողացել։
Ընթացիկ տարվա գարնանը Կիրակոսյանների ընտանիքն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում: Մի քանի ամիս տեւած շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո ընտանիքը հյուրընկալել է գործընկեր կազմակերպությունների ղեկավարներին եւ թիմերին՝ միասին նշելու բնակարանամուտի ուրախությունը։
«Երբ գնեցի կիսակառույցը, միայն պատեր էին։ Այնքան աշխատանք կար անելու, բայց այնքան քիչ հնարավորություն։ Կարողացա միայն տանիքը կառուցել ու կանգ առա: Ձեր աջակցության շնորհիվ վերջապես մեր երազանքն իրականացավ։ Մենք արդեն սեփական տուն ունենք: Ապրելու համար արժանավայել պայմաններ եւ լավ ապագայի հավատ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Կորյունը։
«Կյանքում երբեմն ստեղծվում են այնպիսի իրավիճակներ, որոնք փակուղային են թվում, եւ միշտ չէ, որ հեշտ են հաղթահարվում: Երբ մարդն ամբողջությամբ տրվում է այդ վիճակին, կորցնում է լուծում գտնելու ցանկությունն ու ճանապարհը: Դա էլ տանում է հուսահատության, մինչդեռ պետք է միշտ հիշել, որ երբ ամպերը ցրվեն, արեւ է լինելու: Մենք շատ ենք առնչվել երկար տարիներ կոտրված հոգեբանությամբ ապրած ընտանիքների հետ: Ձգտել ենք այս ծրագրի միջոցով նրանց վերադարձնել ինքնավստահությունն ու արժանապատիվ կերպով խնդիրը հաղթահարելու կամքը: Կարող եմ վստահաբար ասել, որ դա մեզ հաջողվել է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Սահմանապահ համայնքներում այս ծրագրով լուծվում է միանգամից մի քանի խնդիր. հարմարավետ պայմաններով ապահովվելով՝ ընտանիքները մնում եւ արարում են հայրենի հողում, պահում են սահմանը, շենացնում ու զարգացնում համայնքը։ Այս ընտանիքի դժվարություններն արդեն անցյալում են։ Այժմ պետք է միայն առաջ շարժվել»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Տարիների համագործակցության արդյունքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, Տավուշի մարզում կառուցվել, գնվել կամ վերանորոգվել է 50 տուն:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )