Կալիֆոռնիայում կրկին մտադիր են խստացնել կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային միջոցառումները
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները կրկին մտադիր են խստացնել սանիտարական միջոցները՝ նահանգում նոր տեսակի կորոնավիրուսով վարակումների թվի կտրուկ աճի ֆոնին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով նահանգապետ Գևին Նյուսոմի հայտարարությանը:
Իր հայտարարության համաձայն՝ նահանգում դադարեցվել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հանման ծրագրի իրականացումը:
«Կալիֆոռնիայում դիտարկվում է վարակումների զգալի աճ, որն ավելի մեծ է, քան համավարակի սկզբում և նույնիսկ ամռան ընթացքում գրանցված աճը: Եթե չկանգնեցնենք Covid-19-ի տարածումը, ապա մեր առողջապահական համակարգը արագորեն կդադարի գործել, ինչը կհանգեցնի սարսափելի հետևանքների»,- նշել է նահանգապետը:
Համաձայն Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է ավելի քան 11.18 միլիոն վարակման դեպք, մահացել է ավելի քան 247.1 հազար մարդ: Երկիրը մահվան և վարակումների թվով առաջատարն է աշխարհում: