Ինչու՞ է Հրայրն այդքան հանգիստ
Խայտառակությունը պոզով պոչո՞վ է լինում։ Ոնց որ նախնադարյան, ամեն ինչից անտեղյակ մի տարածքում ենք ապրում, որտեղ «մարդ են որսում»։ Խումբը միանգամից վրա է տալիս, ճիչ ու աղաղակով, հարայ- հրոցով մեկին բռնում, հետո խարույկի շուրջ հավաքվում են ցեղով ու դըմփ- դըմփ անում։ Կարևորը «մարդ որսալու» շուրջ առաջացրած աղմուկ – աղաղակը, վայնասունն է․․․
Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Գլխավոր դատախազությունն էլ հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Արդարադատության նախարար եղած շրջանում, Հրայր Թովմասյանը հարկադրել է նոտարական պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը:
Դրա շուրջ բարձրացված աղմուկը ըմբոշխնելուց ու ցեղի մարդկանց դատաստանին հանձնելուց հետո պարզվում է, որ անշարժ գույքը Հրայրինը չէ, մի ուրիշ գործարարի է պատկանում և օրինական բոլոր թղթերը նրա ձեռքին են։Թվում է, թե վերջ, հարայ- հրոցը կկտրվի, մեկ էլ թե՝ այդ գործարարը Հրայրի կնոջ քրոջ ամուսինն է։ Վայնասունի նոր թեմա։ Եթե Հրայրի կնոջ քրոջ ամուսինն է, ուրեմն մեկ էլ պիտի վազել նրա ետևից․․․
Լավ, ինչքա՜ն կարելի է քափ ու քրտինքի մեջ կորած վազել, ընկնել մարդկանց ետևից, բռնելուց հետո հասկանալ, որ ինքը այն մարդը չի, որի ետևից վազում էիք։ Կամ ինչքա՜ն կարելի է հանրությանը «ձեզ հետ վազեցնել», վերջին պահին ասել՝ «այդ մարդը երկրից թռել է»։
Հիմա ուզում եմ հասկանալ այդ աղմուկ- աղաղակը, գոռոցը, վայնասունը ինչի՞ համար է ընդհանրապես։ Ինչու՞ է իշխանությունը անընդհատ հարայ- հրոց անում, մարդկանց իրար խառնում, ձենը աշխարհ գցում։ Կարող է, չէ՞, այդ ամենը ներքին կարգով անել, պարզել՝ հետո բարձրաձայնել։ Դասական իմաստով ինձ շատ է հետաքրքրում իշխանության աղմուկ- աղաղակի պատճառը։ Գալու օրվանից մինչև այսօր՝ հանրությունն էլ նրա հետ գոռում է՝ բռնել, ձերբակալել, ասֆալտին փռել, պատերին ծեփել․․․ Եթե մենք դասական առումով տիպիկ օրինակ չունենայինք, չէինք հասկանա, թե մարդն ընդհանրապես ե՞րբ է գոռում, ինչու՞ է բարձր գոռում, շնորհակալ լինենք մեր Մեծերին նման կերպարներ ստեղծելու համար։ Մի փոքր հատված Քաջ Նազարից․
«Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում։ Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում։
Գնում է գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է գյուղից հեռացել է։ Էստեղ սիրտն ահ է ընկնում։ Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ։ Քանի հեռանում է՝ էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է՝ էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ… Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանաչիցն են ջուրը թափում…
Նազարը ձենն ավելի է գլուխը գցում, իսկ որ մտնում է անտառը, թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից՝ որտեղ որ է գազան է հարձակվելու կամ ավազակ, սարսափած սկսում է գոռգոռալ, ոնց գոռգոռալ՝ ականջդ ոչ լսի»։
Սա է հարայ- հրոցի, գոռգոռալու, աշխարհով մեկ անելու պատճառը։ Մարդը ձայնը գլուխն է գցում, երբ ահ ունի, երբ ինչ որ բանից սարսափելի վախենում է։ Ուժեղ մարդը հանգիստ է լինում, խաղաղ ծովի պես։
․․․ Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու է Հրայրն այդքան հանգիստ։