<<Փաստ>>Ի՞նչ են ցույց տալու հասարակությանը նոր<<100 փաստի>>սպասումով

«Փաստ» թերթը գրում է. «Տարին ավարտվում է, եւ իշխանությունները պետք է ամփոփեն իրենց գործունեության արդյունքները եւ անցնեն հաջորդ տարվա ծրագրերը իրականություն դարձնելուն (եթե այդպիսիք ընդհանրապես կան)։
Երբ հետահայաց նայում ենք տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացներին, ապա պարզ է դառնում, որ այդպես էլ տնտեսական հեղափոխությունը, որի մասին խոստումներ էին տվել իշխանությունները, իրականություն չդարձավ։

Ավելին, դրան մի փոքր անգամ մոտ չեկանք:
Երկրի տնտեսական վիճակը չնչին փոփոխություններով (ընդ որում, ոչ անպայման դրական դինամիկայով) շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին կար նախկինում։
Թերեւս սրանով է պայմանավորված, որ իշխանության ներկայացուցիչները հապաղում են արդեն քիչ-քիչ ամփոփել անցնող տարին։
Եթե, իհարկե, խոշոր ձեռքբերումներ եղած լինեին տարվա ընթացքում, ապա տարեվերջյան այս օրերին Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չէր թողնի ֆեյսբուքյան իր էջում ամենօրյա հրապարակումներով հանդես գալու եւ ցույց տալու, որ իրենց աշխատանքն արդյունավետ է։
Տարվա ընթացքում հնարավոր եղավ տարբեր տեսակի աղմկահարույց քրեական գործերով, ձերբակալություններով, կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններով, բյուջե մուտքագրված ֆանտաստիկ գումարների եւ ռեւանշիստ-դավադիրների մասին միֆական պատմություններով ժամանակ շահել եւ իմիտացիա ստեղծել, թե երկրում կամաց-կամաց իրավիճակի փոփոխություն է նկատվում։
Այսպիսի քայլերի միջոցով իշխանություններին հաջողվեց որոշ ժամանակով խուսափել հասարակական դժգոհությունից։
Սակայն լուրջ կասկածներ կան, թե 2020 թվականին հնարավոր կլինի նույն մեթոդների կիրառմամբ խուսափել հանրային դժգոհությունների կուտակումից. մանավանդ, այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցերը, դեռեւս վերջնական հանգուցալուծում չեն ստացել։ Դրան գումարվում է հունվարից սպասվող թանկացումների ալիքը՝ կապված ԵՏՄ մաքսադրույքների կիրառման հետ։
Շուրջ 700 տեսակի ապրանքների թանկացումը՝ ներառյալ առաջին անհրաժեշտության, բարդացնելու է երկրի տնտեսական վիճակը։
Իշխանությունների կողմից առողջապահության 6 (թեկուզ 4) տոկոսանոց հարկի ներդրումն էլ ծանրացնելու է աշխատողների հարկային բեռը, այսինքն՝ նրանց եկամուտները կրճատվելու են, իսկ արդյունքը խիստ կասկածելի է։ Այս ամենին զուգահեռ՝ իշխանությունները ցանկանում են գույքահարկի տակ մտցնել անխտիր ամբողջ անշարժ գույքը։
Եվ գույքահարկի տեսքով գումարներ են վճարելու ոչ միայն հարուստ, այլեւ միջինից ցածր եկամուտ ունեցող՝ աղքատ քաղաքացիները։
Աշխատանք ունեցող քաղաքացիների հարկային բեռը կավելանա նաեւ կուտակային կենսաթոշակային ֆոնդերին կատարվող վճարումների վերանայման արդյունքում։
Եթե հանրության շրջանում դժգոհությունները մեղմելու նպատակով կառավարության կողմից որոշվել էր, որ աշխատավարձերից ֆոնդերին վճարվող 5 տոկոսից 2,5-ի փոխհատուցման պարտավորությունը կստանձնի կառավարությունը, ապա հաջորդ տարի այդպես չի լինելու, եւ աշխատանք ունեցող քաղաքացիները 2,5-ի փոխարեն կենսաթոշակային ֆոնդերին կվճարեն աշխատավարձի 3,5 տոկոսը։
Եվ եթե նշված բոլոր այս հարցերին էլ գումարում ենք գարնանը գազի գնի թանկացման հարցը, որը կարող է շղթայական թանկացումների պատճառ դառնալ, ապա հասարակության շրջանում տագնապային տրամադրություններն ավելի են խորանում։
Մարդիկ արդեն իսկ տրամադրված են, որ 2020 թվականը սոցիալ-տնտեսական առումով ծանր տարի է լինելու։
Իսկ այս պայմաններում կողմնորոշվելու եւ ճիշտ գործելու համար իշխանություններից մեծ ջանքեր են պահանջվելու, վարչապետ Փաշինյանի համար շատ դժվար է լինելու այս պայմաններում պահել իր վարկանիշը։
Տեսնելով հանրության շրջանում առկա մտահոգությունները՝ Փաշինյանը փորձելու է ժամանակ շահել, որպեսզի կառավարությունը կարողանա ինչ-որ չափով մեղմել դրությունը։
Ամենայն հավանականությամբ, դրանով է պայմանավորված, որ վերջին շրջանում իշխանությունները մտմտում են նորից հանրության ուշադրությունը գրավող գործեր հարուցել, աղմկահարույց ձերբակալություններ կազմակերպել։
Իր գործունեության տարին ամփոփելու մասով Փաշինյանը շատ բան չունի հանրությանը ներկայացնելու, շատ-շատ էլի 100 փաստ ներկայացնի, որի առյուծի բաժինը վերաբերում է մանր-մունր խնդիրների, առօրեական պարտականությունների, դրա համար էլ, ելնելով իր լրագրողական փորձառությունից, վերջինս ցանկանում է հանրությանը կերակրել սենսացիաներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )