Բելառուսում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 90 մարդ
Բելառուսում սեպտեմբերի 5-ին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել 18 բնակավայրում, դրանց մասնակցել է շուրջ 4000 մարդ, ձերբակալվել է 91-ը, ձերբակալման վայրերում է մնացել 34 իրավախախտ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Բելառուսի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:
«Երեկ` սեպտեմբերի 5-ին, երկրում հասարակա-քաղաքական զանգվածային միջոցառումներ են անցկացվել: Բողոքի ակցիաներ են անցկացվել 18 բնակավայրում: Մասնակիցների ընդհանուր թիվը շուրջ 4000 է եղել: Ընդհանուր առմամբ, երեկ 91 մարդ է բերման ենթարկվել զանգվածային միջոցառումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու համար: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի դատարանում քննությունից առաջ 34 մարդ տեղափոխվել է կալանքի վայրեր»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: