ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՊԱՐՀ ԼԻՆԻ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ ԿԱՊՈՂ ՆԱԽԻՋԵՒԱՆԻ ՀԵՏ
Իմ և մեր ընկալմամբ՝ այդ ճանապարհը ոչ միայն ուղղակի ճանապարհ է՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, այլև սա նոր միջազգային տարանցիկ ճանապարհ է, որի բացմամբ հետաքրքրված է նաև Հայաստանը։ Այս մասին քիչ առաջ առցանց ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ պետք է ճանապարհ լինի՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, բայց ես ուզում եմ, որ մենք դիտանկյունը փոխենք, որովհետև, այնուամենայնիվ, սա տեղի է ունենում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման տրամաբանության մեջ»,- ասաց վարչապետը։
«Երբ որ մենք համաձայնության գանք Ադրբեջանի հետ, մենք պետք է նաև մեր դիտակետը այն տրամաբանությամբ վերանայենք, որ մենք պիտի ունենանք, մեր տեսանկյունից, մի ճանապարհ, որը հնարավորինս գրավիչ կլինի միջազգային տարանցիկ փոխադրումների համար, որովհետև դա Հայաստանին կբերի շատ կոնկրետ օգուտներ։ Մենք չենք բացառում նաև նոր ճանապարհի կառուցումը։ Նախկինում էլ չենք բացառել և չենք բացառում նոր ճանապարհի կառուցումը, որը մեր տեսանկյունից կլինի միջազգային հաղորդակցության կարևոր ուղի։ Ես հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի խորհրդի նիստում այդ միտքը ձևակերպել եմ, որ եթե մեզ հաջողվի մեր նշած տրամաբանության ու սկզբունքների շրջանակում գալ համաձայնության, մեր նպատակադրումն է մեր ունեցած հյուսիս-հարավ նախագծի բովանդակությունը և էությունը ընդլայնել և այն դարձնել ոչ միայն հյուսիս-հարավ, այլև արևելք-արևմուտք խաչաձև ճանապարհ»,- հավելեց Փաշինյանը։