Ամբոխին հմայելու Փաշինյանի խարիզման սկսում է ցնդել․ Վլադիմիր Մարտիրոսյան

Գիտեմ , որ գրառումս ներկայիս Facebook -յան քաղաքական թրենդայնության մեջ դժվար ընկալելի է լինելու բայց…
Ներկայիս «ամբոխավարության» ընթացքն ինձ հաճախ ստիպում է մտածել, թե ո՞րն է մեր երկրի համար առավել հանցավոր ու վտանգավոր երևույթը՝ «կոռումպացված պրոֆեսիոնալիզմը» թե՞ «անմեղսունակ ինքնավստահությունը», երբ վերջինս համեմվում է զանգվածների վրա ազդեցություն թողնելու էմոցիոնալ էնտուզիազմով և ձգտմամբ: Եթե նույնիսկ այս միտքը առաջին հայացքից Ձեզ տարակուսման առիթ տա` վստահեցնում եմ այն հայտնելու պատճառները ընկած են այսօրվա իշխանության քաղաքական մենթալիտետի և վարքաբանության հիմքերում :
Իշխանությունը իր լիդերի հեղինակմամբ ասում է` մեջբերում եմ «Մենք սանդուխքով բարձրանալիս լոնքերով 4 ենք թռնում, ընդդիմադիրներն ասում են՝ չէ՛, ո՞նց եք 4 թռնում, 12 թռեք»:
Հարգելի իշխանություններ`
խնդիրն այն է , որ դա ասում են Ձեր` ընդիմադիրները, շեշտում եմ ` Ձեր՛ ընդիմադիրները:
Հասարակության հեղափոխական մեկ այլ շերտ ասում է. «Ախր, խոսք էիք տվել և բերում էիք հավաստիացումներ, որ 12-ի փոխարեն համարյա 120 կարելի է թռնել, եթե…» հիշեք կախարդական փայտիկի միֆը:
Հասարակության մեկ այլ ռացիոնալ, գրագետ և առողջ հատված Ձեզ ասում է, որ «Ձեր լոնքը հանգեցնելու է շպագատի` այն էլ սանդուխքի վրա, ինչը շատ տհաճ և ցավոտ երևույթ է», որովհետև «լոնք» եք գցում կշռադատված քայլերի փոխարեն: Դեռ ավելին` ավելի շատ խոսում էք «լոնքի» մասին և այն հռետորաբանության էֆեկտով «թանկ վաճառելու» մեթոդաբանությամբ, քան այդ «լոնքը» գցելու իրական կարողության մասին:
Եթե նույնիսկ վերջին ելույթի ընթացքում վարչապետը «աննախադեպ» բառը 6-7 անգամվա փոխարեն 60-70 անգամ օգտագործեր այն, ապա միևնույն է ստեղծվում է տպավորություն , որ կարծես թե գովազդի տրամաբանությամբ, ինչ-որ բան է ուզում վաճառել իր ընտրողների վրա: Սակայն աներկբա է, որ միևնույն է հասարակության մեծամասնությունը այդ «քաղաքական ապրանքն» այլևս չի գնելու, նույնիսկ եթե այն նրան ձրի տան:
Ամբոխին հմայելու Փաշինյանի խարիզման և նրա թիմի առաջնային դերակատարների արտաբերած մտքերը սկսում են ցնդել այն պահին, հենց այդ մտազեղումները հանրային ռացիոնալ քննարկման առարկա են դառնում, որովհետև դրանց բովանդակության սնանկության վրա լույս է սփռվում մեծ արագությամբ:
Այլևս մեկ բան ևս աներկբա է, որ մոտ են այն ժամանակները, երբ բարձր սպասումներով «կերակրված» և հերթական անգամ հիասթափված հեղափոխական մեծամասնությունը Փաշինյանի սուպերվարչապետությունը և քաղաքական վարքագիծը սկսելու է որակել` որպես «հանցավոր ռեժիմ»: Ես նորից դեմ եմ լինելու այդ էպիտետին կամ պնդմանը, քանի որ այն պետք է անցնի իրական արդարադատության մուրճի տակով: Մենք պետք է վերջապես իրավական գիտակցության և մշակույթի ընկալումը գերակայող դարձնենք հեղափոխախառը, էժան, անգրագետ և անպատասխանատու պրոպագանդայի նկատմամբ:
Ավելին, ես տեսնում եմ այն լումպեն-դեմքերին, որոնք առանց սոցիալական արմատների և էթիկայի նորմերի՝ պատրաստ են հիմա անխոհեմ հնազանդվել Գերագույն Գլխավոր Հեղափոխականին (ԳԳՀ-ին), քանի դեռ նա իրական իշխանություն ունի, իսկ գահավիժելուց հետո նրանք վերածվելու են դեստրուկտիվ նեոպոպուլիստների, որոնք այլևս համտեսել են պոպուլիզմի թվացյալ հաջողությունը: Դրա վառ ապացույցը` ոմանց Փաշինյանի քաղաքական վարքի և ստիլիստիկայի անհաջող կապկումն է:
P.S. Նեոպոպուլիստներ չեն լինելու, առավելևս պոպուլիստների անխուսափելի ձախողման դեպքում: Հայաստանում շատ շուտով ամենամեծ և արդարացված քաղաքական պահանջարկը և առաքելությունն ունենալու են պրոֆեսիոնալ և նվիրյալ ռացիոնալիստները իրենց սկզբունքային քաղաքական արժեհամակարգով: Այլ կերպ ասած` գործ անողներն ու այդ արածը չգերարժեվորողները , առավելևս այն ընտրողներին թանկով չվաճառողները: Նրանք չեն ունենալու և մերժելու են որևէ գունային`«սև-սպիտակ», և ժամանակային «նախկին-նոր» պատկանելիություն: Այս «քաղաքական խնոցին» վերջապես թանն ու կարագն իրարից զատելու է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )