Ամբիոն Նյուզի պատասխանը փաստաբան Արսեն Բաբայանին
Հայրենիք կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը անդրադարձել է «Ամբիոն Նյուզ»-ի հրապարակմանը՝ փորձելով հարցը ներկայացնել բացառապես փաստաբանի անվան հնարավոր օգտագործման համատեքստում։
Շնորհակալ ենք, պարոն Բաբայան, մեր հրապարակմանն արձագանքելու համար։ Սակայն Ձեր արձագանքից հետո առաջանում են մի շարք էական հարցեր, որոնց պատասխանները նույնպես կարևոր են հանրային քննարկման համար։
Եթե փաստաբանը պնդում է, որ իր անունն առանց իր գիտության և համաձայնության օգտագործվել է հնարավոր հանցագործության համատեքստում, ապա արդարացի հարց է առաջանում՝ որքանո՞վ է իրավաչափ և մասնագիտական էթիկային համապատասխան առանց որևէ նախնական խոսակցության, պարզաբանման կամ վստահորդից բացատրություն ստանալու անմիջապես իրավապահ մարմնին հաղորդում ներկայացնելը։
Առավել ևս՝ երբ խոսքը վերաբերում է մի անձի, որի շահերը փաստաբանը նախկինում պաշտպանել է։
Փաստաբանական գործունեության հիմքում վստահությունն է։ Իսկ վստահության կարևոր բաղադրիչներից մեկը նաև վստահորդի հետ հաղորդակցությունն ու նրա դիրքորոշումը պարզելն է։
Հետևաբար մեր հարցը ոչ թե այն է, թե փաստաբանն իրավունք ունե՞ր իրավապահ մարմնին դիմելու, այլ՝ արդյո՞ք այդ քայլին նախորդել է վստահորդի հետ որևէ պարզաբանում, և արդյո՞ք փաստաբանը փորձել է անմիջականորեն ճշտել իր անունի օգտագործման վերաբերյալ հանգամանքները։
Մյուս և առավել կարևոր հարցը վերաբերում է փաստաբանի կողմից վստահորդի նկատմամբ հնչեցված արտահայտություններին և հաղորդագրություններին։
Մենք չենք խոսում ենթադրությունների մասին։ Մեր ձեռքում առկա են համապատասխան փաստական տվյալներ, այդ թվում՝ Տելեգրամի հաղորդակցության ամբողջական պահպանված պատմությունը։ Փաստաբանի կողմից որոշ հաղորդագրություններ ջնջված լինելու հանգամանքը դեռևս չի նշանակում, որ դրանք չեն պահպանվել։
Վստահորդը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, պահպանել է ամբողջական հաղորդակցությունը մեկ այլ վայրում։
Ուստի եթե քննարկվում է մասնագիտական էթիկան, ապա քննարկումը պետք է լինի ամբողջական և ոչ ընտրովի։
Պարոն Բաբայան, որքանո՞վ եք արդարացված համարում այն վարքագիծը, երբ փաստաբանը՝
առանց վստահորդի հետ նախապես խոսելու և հանգամանքները ճշտելու, հաղորդում է ներկայացնում իրավապահ մարմիններին,
միաժամանակ վստահորդի նկատմամբ օգտագործում է վիրավորական կամ ահաբեկող բնույթի արտահայտություններ,
իսկ հետագայում հանրային դաշտում կատարվածը ներկայացվում է բացառապես որպես «փաստաբանի անունը հնարավոր հանցագործության մեջ օգտագործելու» պատմություն։
Մենք որևէ մեկին մեղավոր չենք ճանաչում և չենք պատրաստվում փոխարինել իրավապահ կամ դատական մարմիններին։ Բայց եթե խոսքը մասնագիտական էթիկայի մասին է, ապա էթիկան պետք է գնահատվի բոլոր հանգամանքների համատեքստում, ոչ թե միայն այն հատվածով, որը հարմար է մեկ կողմի դիրքորոշմանը։
Եվ վերջապես՝ եթե փաստաբանը պնդում է, որ իր անունն օգտագործվել է առանց իր համաձայնության, թող իրավասու մարմինները պարզեն այդ հանգամանքը։ Իսկ եթե առկա են վստահորդին ուղղված վիրավորական, սպառնալիքի կամ ահաբեկման բնույթի հաղորդագրություններ, դրանք ևս պետք է գնահատվեն իրենց ամբողջական համատեքստում։
«Ամբիոն Նյուզ»-ը պատրաստ է հրապարակել և ներկայացնել ամբողջական փաստական տվյալները՝ առանց որևէ հաղորդագրություն կտրելու կամ համատեքստից դուրս ներկայացնելու։
Մեր նպատակը որևէ փաստաբանի կամ վստահորդի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ձևավորելը չէ։ Մեր նպատակը բոլոր կողմերի դիրքորոշումը ներկայացնելն ու հանրային կարևորություն ունեցող հարցի ամբողջական պատկերը բացահայտելն է
