<<Փոփոխության քամին>> Աբել Միքայելյանի նոր վեպը՝ 2018-ին Հայաստանում ծավալված իրադարձությունների մասին է

Փոփոխության քամին». այսպես է կոչվում գրող Աբել Միքայելյանի նոր վեպը, որում իրադարձությունները տեղի են ունենում 2018 թվականին:

Ինչպես նշվում է նախաբանում, այն կառուցված է արկածային վեպին հատուկ տարրերով, միաժամանակ ի ցույց է դնում հեղինակի քաղաքացիական ազնիվ մղումները:

Երեկ Տիկնիկային թատրոնում վեպի շնորհանդեսն էր, որին ներկա էին գրական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ: Ինքը՝ հեղինակն ասաց՝ չի կարդացել վեպը, ընկերներն էլ նկատեցին, որ դա նորմալ է, ինքը գրող է, կարդացող չէ:

Ստեղծագործության մասին Աբել Միքայելյանը խոսել չցանկացավ, նրա փոխարեն գրքի մասին պատմեց խմբագիրը՝ Վարդան Օնանյանը:

Նրա խոսքով՝ գիրքը կարդալու և խմբագրելու առաջարկը Աբել Միքայելյանից ստացել է 2019-ի աշնանը: Սա փաստագրական գիրք է 2018-ին Հայաստանում ծավալված իրադարձությունների մասին, որը զուգորդվում է գեղարվեստական պատմությամբ:

«Գիրքն այնքանով քաղաքական ուղղվածություն ունի, որքանով մեր կյանքն է, որովհետև մեր կյանքն առանց քաղաքականության, կարծես, հնարավոր չէ: Երբ սկսեցի կարդալ ու խմբագրել, նկատում էի հեղինակի զգացողությունը, որ ինչ-որ բան շեղ է գնում: Խմբագրական աշխատանքն ավարտելուց հետո հարցրեցի՝ երբ ենք տպագրելու, Աբելն ասաց՝ շուտ տպագրենք, քանի դեռ այս իշխանությունները  չեն հեռացել: Ասացի՝ նման զգացողություն ունե՞ս, ասաց՝ այո»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Օնանյանը:

Նա վստահություն հայտնեց, որ ընթերցողները մեծ հետաքրքրությամբ են կարդալու այս գործը:

Դեպքերի ընթացքը, ճիշտ փաստագրությունը պահված են: Ամեն ընթերցող պատմությունն այնպես կընկալի, ինչպես ինքն ապրել է 2018-ը. մի մասը կասի՝ այն ժամանակ մի փոքր այլ կերպ էի ընկալում, շատ տխուր իրադարձությունների միջով անցնելուց հետո շատերը գուցե կասեն, որ ժամանակին սխալվել են, ոմանք էլ կասեն՝ չենք սխալվել, ինչպես հիմա, կարծում են, որ այդպես էլ պետք է լիներ, դա նորմալ է: Կարծում եմ որոշ ժամանակ անց, երբ ընթերցողը գիրքը կարդացած, ավարտած կլինի, երկրում շատ բան փոխված կլինի»,- նկատեց խմբագիրը:

Գրքի նկարազարդումն արել է Արիկ Գրիգորյանը, հրատարակիչը «Դարակ»-ն է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )