Euronews-ի անդրադարձը Փաշինյանի հայտարարություններին․ Ղարաբաղ, խաղաղության գործընթաց և ԵՄ ուղի

Իր արտառոց խոստովանությամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղը Հայաստանի տարածքը չէ, և որ հայկական շարժումը «ճակատագրական սխալ» էր։ Այժմ Երևանը խաղաղություն է կերտում Ադրբեջանի հետ և բռնում է դեպի ԵՄ վճռական ուղին․ գրել է Euronews-ը։

 

«Փաշինյանն իր այս հայտարարությամբ ապշեցրել է երկրի ներսում և դրսում գտնվող հայ հասարակությանը՝ հակադարձելով Ղարաբաղի վերաբերյալ տասնամյակներ շարունակ ձևավորված հայկական ազգային պատմությանը։

 

Փաշինյանի ցնցող հայտարարությունը հնչել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) պատմական համաժողովից և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր անց, որոնք ընդգծեցին Հայաստանի ուղերձը աշխարհին, և հատկապես Ռուսաստանին, որ այն այժմ վճռականորեն ընտրել է եվրոպամետ ուղին»,- գրում է լրատվամիջոցը։

 

Նշվում է, որ Հայաստանում հունիսյան ընտրությունների մոտենալուն զուգընթաց՝ Փաշինյանի արտառոց հայտարարությունը ներկայացնում է իր կառավարության դիրքորոշումը։

 

Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զգուշացրել է Հայաստանում հունիսյան ընտրություններից առաջ հակաադրբեջանական ուժերի աճի մասին՝ նշելով, որ Ադրբեջանը հանձնառու է իր նախկին մրցակցի հետ խաղաղ ապագային։

 

Ադրբեջանի նախագահը նաև քննադատել է «որոշակի օտարերկրյա առաջնորդների», որոնք այժմ իրենց ներկայացնում են որպես «կեղծ հերոսներ»: «Հիմա նրանք պնդում են, իբր, փրկել են Հայաստանը մեր ձեռքերից: Մենք մտադիր չէինք ոչնչացնել Հայաստանը կամ զրկել նրան անկախությունից»,- նշել է Ալիևն՝ ընդգծելով, որ «անհրաժեշտ չէ պաշտպանել Հայաստանը մեզանից: Մենք հասել ենք այն ամենին, ինչին ձգտում էինք հասնել»։

 

Զուգահեռաբար՝ Հայաստանի կողմից եվրոպամետ ապագայի ընտրությունը վերջապես ստիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտարարել, որ «տրամաբանական» կլինի, որ Հայաստանը հանրաքվե անցկացնի ԵՄ անդամակցության ուղու վերաբերյալ։

 

 

Share This