Տեղի ունեցավ <<Մեկ անգամ Հոլիվուդում>> ֆիլմի պրեմիերան
«Երևան Մոլ»-ի «ԿինոՊարկ» կինոթատրոնում տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood) ֆիլմի պրեմիերան:
«ԿինոՊարկ»-ի տնօրեն Արեգ Դանիելյանի համոզմամբ` ֆիլմն այս տարվա ամենասպասված պրեմիերան է «Վրիժառուները» ֆիլմաշարի վերջին ֆիլմից հետո:
«Վերջապես մեզ մոտ է Քվենտին Տարանտինոյի 9-րդ ֆիլմը: Կինոքննադատների կարծիքները ֆիլմի վերաբերյալ միանշանակ չեն: Մի մասը պնդում է, որ ֆիլմը հաջողված չէ, մյուս մասն ասում է, որ ֆիլմը հոյակապ է: Ես հակված եմ կարծելու, որ ֆիլմը, իրոք, հոյակապ է: Հաշվի առնելով դերասանական կազմը՝ առաջիկա 2 ժամ 30 րոպեի ընթացքում, վստահ եմ, մեզ սպասում են աննկարագրելի էմոցիաներ: Հյուրերի քանակից պարզ է դառնում, որ միայն ես չեմ այս կարծիքին»,- ասաց Արեգ Դանիելյանը:
«Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1969 թվականին՝ Լոս Անջելեսում՝ հիփի շարժման ամենաթեժ ժամանակաշրջանում: Ֆիլմը պատմում է հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ Շերոն Թեյթի (Մարգո Ռոբբի) սպանության մասին, որը 1969-ի օգոստոսին կատարել են սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի հետևորդները:
Ֆիլմի գլխավոր հերոսներն են հեռուստատեսային վեսթերնների նախկին աստղ Ռիկ Դալթոնը (Լեոնարդո դի Կապրիո) և Քլիֆ Բուտը (Բրեդ Փիթ): Ալ Պաչինոն կատարում է գործակալ Մարվին Շվարցի դերը: Ֆիլմի աստղային կազմում ներառվել են նաև Դեմիեն Լյուիսը, Լյուկ Փերրին, Դակոտա Ֆաննիգը, Կլիֆտոն Քոլլինզ կրտսերը և այլք։
Ֆիլմի փակ նախադիտմանը ներկա էին հայկական շոու բիզնեսի ամենավառ ներկայացուցիչներ, իսկ մինչև ֆիլմի մեկնարկը սրահում նվագող բենդի երաժշտությունն ամբողջական էր դարձնում միջոցառումը:
Աստղային կազմ և անսպասելի զարգացումներ ունեցող ֆիլմն այլևս «ԿինոՊարկ»-ի մեծ էկրանին է:























