ՎԱՏԻԿԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆՊԱՍՏԵԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՒ ԿԻԵՒԻ ՄԻՋԵՒ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ
Վատիկանը պատրաստ է օգնել Ռուսաստանին եւ Ուկրաինային՝ երկխոսության հարցում։ Այս մասին հայտարարել է Սուրբ Աթոռի Պետքարտուղար, կարգինալ Պյետրո Պարոլինը՝ La Repubblica պարբերականին տված հարցազրույցում։
«Ես վստահ եմ, որ դեռւես կան հնարավորություններ՝ բանակցությունների համար։ Երբեք ուշ չէ, քանի որ միակ ողջամիտ եւ կառուցողական ճանապարհը՝ հակասությունների կարգավորման համար երկխոսությունն է, ինչպես անդադրում հայտարարում է Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը։ Սուրբ Աթոռը, որ վերջին տարիներին ուշադրությամբ հետեւել է ուկրաինական զարգացումներին, իր պատրաստակամությունն է հայտնել նպաստել Ռուսաստանի եւ Ուկրաինայի երկխոսությանը եւ հայտնում է նաեւ հիմա»,- ասել է կարդինալ Պարոլինը։
Կարդինալը հայտարարել է նաեւ, որ պետք է խոսել, որպեսզի մինչեւ վերջ հասկանալի լինեն պատճառները, իսկ երբ դադարում են խոսել եւ հատկապես՝ լսել, սկսում են դիմացինին նայել կասկածամտությամբ եւ սկսում են նաեւ մեկմեկու մեղադրել։
