<<Լաչինի միջանցքը լիովին անվտանգ է տեղաշարժի համար>> ռուս խաղաղապահ
Տեղաշարժը Լաչինի միջանցքով բացարձակապես անվտանգ է տեղի բնակիչների համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահներից մեկը:
«Ներկա պահին տեղի բնակչության համար ճանապարհի տվյալ հատվածով տեղաշարժը լիովին անվտանգ է», – նշել է գործակալության զրուցակիցը:
Չորեքշաբթի առավոտից Լեռնային Ղարաբաղի ճանապարհներից մեկով սկսվել է թեթև ու բեռնատար ավտոմեքենաների տեղաշարժը տեղացիների ու Հայաստանի բնակիչների համար: Այս ճանապարհը փակ էր ռազմական գործողությունների պատճառով: Որոշ ժամանակ այն ԼՂՀ-ն ու Հայաստանը կապող միակ ճանապարհն է լինելու: Այժմ այնտեղ տեղակայված են ՌԴ-ի խաղաղապահ ուժերի անցակետերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:
