Ռուս խաղաղապահներին և զրահատեխնիկա տեղափոխող ևս 20 ինքնաթիռ է ժամանել Երևան

Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի 2 Ան-124 «Ռուսլան» և 18 Իլ-76 ինքնաթիռները  զրահամեքենաների նոր խմբաքանակ և խաղաղապահների նոր խումբ են Երևան հասցրել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հերթական 18 Իլ-76 և 2 Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները 15-րդ խաղաղապահ բրիգադի սարքավորումներով և անձնակազմով վայրեջք են կատարել Երևանում` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու խաղաղապահ գործունեությանը: Ռուս զինծառայողները նյութական իրերի, զենքի և զինամթերքի բեռնաթափում են իրականացրել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները 58 սարքավորում են հասցրել Հայաստան ՝ զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատարներ, ավտոցիստերներ, էքսկավատորներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )