ՀԱՊԿ երկրները կողմ են հանդես եկել համավարակի դեմ պայքարում կազմակերպության ներուժի ուժեղացմանը. Զախարովա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմաբժշկական ծառայությունների ներկայացուցիչներն այս շաբաթ կողմ են հանդես եկել համավարակի դեմ պայքարում ՀԱԿՊ զորքերի ռազմաբժշկական բաղադրիչի հզորացման շնորհիվ կազմակերպության ներուժի հետագա զարգացմանը։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
նչպես նշել է դիվանագետը, ՀԱՊԿ անդամ-պետությունները շարունակում են փնտրել արդյունավետ մեխանիզմներ առաջացող մարտահրավերների հաղթահարման համար։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել անդամ-պետությունների ռազմաբժշկական ծառայությունների գիտագործնական համաժողով, որին մասնակցել են նաև ՌԴ պաշտպանության նախարարության Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի փորձագետները։
«Երկրները կողմ են հանդես եկել ՀԱԿՊ զորքերի ռազմաբժշկական բաղադրիչի հզորացման հաշվին կազմակերպության ներուժի հետագա զարգացմանը։ Քննարկվել են շարժական բժշկական ստորաբաժանումների կիրառման ու ՀԱՊԿ հավաքական ուժերի կազմում հատուկ նշանակության բժշկական ջոկատի ներառման հնարավորությունները։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀԱՊԿ տարածաշրջանում կորոնավիրուսային վարակի տարածման ու կազմակերպության շրջանակներում բժշկական աջակցության այլ հարցերի շուրջ վերլուծությունների ու իրավիճակի մասին տեղեկությունների փոխանակման այս ձևաչափով շփումները շարունակելու ուղղությամբ» , – ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ համաժողովի ժամանակ ռազմական բժիշկների ուշադրության կենտրոնում էր փորձի փոխանակումը, կորոնավիրուսային վարակի տարածման դեպքում հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև հավաքական ուժերի բժշկական աջակցությունը սանիտարահամաճարակային ծանր պայմաններում։Նշենք, որ ՀԱՊԿ անդամ-պետություններն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղզստանը։
