Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք
Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք, առողջացածների թիվն ավելացել է 5-ով: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը՝ հղում անելով Թբիլիսիի վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայային:
«Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք, առողջացածների թիվն ավելացել է 5-ով: Ներկայումս Վրաստանում կորոնավիրուսով վարակման 783 դեպք է գրանցվել, 605 մարդ առողջացել է: Այժմ բուժում է ստանում 166 վարակված մարդ: Չնայած գրանցվող դեպքերի նման աճին, առողջացածների թիվը շարունակում է 77%-ից բարձր մնալ: Մենք դեռևս առավելություն ունենք»,-տեղեկացրել է Էզուգբայան:
Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը 12 է:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 6․172․448 է, մահացել է 371․186 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:
