<<Վրաստանում մարդկանց խումբ կա, որը Քվեմո Քարթլիում և Կախեթիում ազգային թշնամանք է սերմանում էթնիկ վրացիների և ադրբեջանցիների միջև>>Վրաստանի պետական անվտանգության վարչություն
Վրաստանի պետական անվտանգության վարչությունը հայտարարել է, որ երկրում գոյություն ունի մարդկանց խումբ, որը Քվեմո-Քարթլի և Կախեթի մարզերում ազգային թշնամանք է սերմանում էթնիկ վրացիների և ադրբեջանցիների միջև: Այս մասին գրում է kvira.ge կայքը:
«Համաձայն պետական անվտանգության վարչության ունեցած օպերատիվ տեղեկատվության, Վրաստանում կա խումբ, որը Քվեմո Քարթլի և Կախեթի մարզերում փորձում է էթնիկ կոնֆլիկտ հրահրել վրացիների և ադրբեջանցիների միջև»,-ասված է վարչության հաղորդագրության մեջ:
«Այս մարդիկ հայրենասիրության քողի տակ խեղաթյուրում են շրջանների խնդիրները և ճեղքվածք են առաջացնում երկու ժողովուրդների միջև, ինչը շատ վտանգավոր է վրացական բնակչության համար, որն ապրում է ադրբեջանցիներով խիտ բնակեցված մարզերում: Այս անձինք օգտագործում են պետության իրավասության տակ գտնվող հարցերը երկու ժողովուրդների մեջ ատելություն սերմանելու համար»,-հայտարարել են վարչությունում:
Վարչությունը տեղեկացրել է նաև, որ զբաղվում է էթնիկական խտրականության դեմ պայքարով և հետաքննում այս գործը:
