Չինաստանում COVID-19-ի սպառնալիքի բարձր և միջին մակարդակ ունեցող տարածաշրջաններ չեն մնացել
Կորոնավիրուսի տարածման հետ կապված համաճարակաբանական սպառնալիքի մակարդակը Չինաստանի բոլոր շրջաններում հինգշաբթի օրվանից դարձել է ցածր․ սպառնալիքի բարձր և միջին մակարդակ ունեցող տարածաշրջաններ չեն մնացել, հաղորդում է ՉԺՀ-ի կենտրոնական հեռուստատեսությունը, գրում է ria.ru-ն:
Չորեքշաբթի Չինաստանի հյուսիս-արևելքում Ռուսաստանի հետ սահմանակից Հեյլունցզյան նահանգի Սույֆենհե և Հարբին քաղաքներում կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի մակարդակը միջինից ցածր է դարձել: Երկրի իշխանությունները հինգշաբթի օրվա դրությամբ համաճարակաբանական սպառնալիքի մակարդակը ցածր են որակել նաև Լինկոյ վարչաշրջանում։
Սպառնալիքի մակարդակի իջեցումը նշանակում է, որ այժմ տեղական իշխանությունները կարող են նվազեցնել նաև սահմանափակող միջոցները, բոլոր այդ շրջաններում կվերսկսվի արտադրությունը, կվերաբացվեն աշխատատեղերը։
Վերջին տվյալներով՝ Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսի 82 885 դեպք, որոնցից 4 633-ը՝ մահվան ելքով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 3 822 989 դեպք, 265 084-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 1 302 995 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 212 երկրում:
