Կառավարությունը կարկուտից վնասված ավտոմեքենաների սեփականատերերին կտրամադրի 100 հազար դրամ փոխհատուցում

Լավ լուր կառավարությունից։

Կարկտահարության հետևանքով վնասված ավտոմեքենաների սեփականատերերը կստանան 100.000դրամ միանվագ փոխհատուցում։

Կառավարությունը այսօր որոշեց փոխհատուցել հունիս եվ հուլիս ամիսներին տեղացած ուժեղ կարկտահարության հետեվանքով հասցված վնասը: Գյումրին եվս զգալի տուժել էր եվ կառավարությունը որոշել է մասնակի փոխհատուցել ավտոմեքենաներին, բնակելիների տանիքներին, ջերմոցային տնտեսություններին հասցված վնասը: Ընդհանուր՝ 9 մարզի համար 1,235,990.5 հազար դրամ է հատկացվելու:

 

Կարկուտից վնասված յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար նախատեսվում է 100,000 դրամ միանվագ աջակցություն։

Աջակցությունը նախատեսվում է տրամադրել 3,638 վնասված տրանսպորտային միջոցների մասով։

Ընդհանուր գումարը կազմում է 363,800,000 դրամ։

 

Բազմաբնակարան շենքերի վնասված տանիքների մասով աջակցությունը հաշվարկվում է վնասված տանիքների ընդհանուր 130,669 քմ մակերեսի և 1 քմ-ի համար սահմանված 3,000 դրամ արժեքի հիման վրա։

Նախագծով միաժամանակ նախատեսվում է, որ տանիքների ծածկը փոխարինելու համար անհրաժեշտ նյութերի արժեքի 70 տոկոսը տրամադրվելու է պետական բյուջեից, իսկ մնացած 30 տոկոսը և փոխարինման աշխատանքները իրականացվելու են համապատասխան համայնքների կողմից։

Ընդհանուր անհրաժեշտ գումարը կազմում է 274,404,900 դրամ, որը 392,007,000 դրամ ընդհանուր արժեքի 70 տոկոսն է։

 

Անհատական բնակելի տների տանիքներ

 

Կարկուտից վնասված անհատական բնակելի տների տանիքների մասով նախատեսվում է յուրաքանչյուր հաստատված վնասի համար 100,000 դրամ միանվագ աջակցություն։

Նախատեսվում է աջակցություն տրամադրել 2,935 վնասված անհատական բնակելի տների տանիքների մասով։

Ընդհանուր գումարը կազմում է 293,500,000 դրամ։

 

Ջերմատների ծածկերին պատճառված վնասների մասով աջակցությունը հաշվարկվում է՝

• պոլիէթիլենային ծածկի դեպքում՝ 1 քմ-ի համար 800 դրամ, ընդհանուր՝ 31,776 քմ մակերեսի համար,

• ապակե ծածկի դեպքում՝ 1 քմ-ի համար 2,000 դրամ, ընդհանուր՝ 4,797.8 քմ մակերեսի համար։

Ջերմատների ծածկերի վերականգնման համար նախատեսվող պետական աջակցության ընդհանուր գումարը կազմում է 35,016,400 դրամ։

Share This