<<Ամերիկյան զորքերն անելիք չունեն Պարսից ծոցում>>Իրանի արտգործնախարարը պատասխանել է Թրամփի` իրանական նավերը ոչնչացնելու սպառնալիքներին
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ նշելով, որ ամերիկյան զորքերն անելիք չունեն Պարսից ծոցում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ Թրամփը տեղեկացրել էր, որ ինքը հրաման է տվել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին ոչնչացնել իրանական բոլոր նավերը, որոնք կխանգարեն ամերիկյան նավերին:
«Ամերիկյան ուժերը ոչինչ չունեն անելու տնից 7000 մղոն հեռավորության վրա, Պարսից ծոցի մեր ափերին մեր նավաստիներին ահաբեկելով»,-գրել է Զարիֆն իր թվիթերյան էջում:
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ ԱՄՆ նախագահն ավելի լավ է զբաղվի իր զորքով, «որի շրջանում կորոնավիրուսով վարակման ավելի քան 5000 դեպք կա», այլ ոչ թե սպառնալիքներ հնչեցնի:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 15-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավերը վտանգավոր կերպով մանևրել են Պարսից ծոցում ամերիկյան ռազմական նավերի կողքով: ԱՄՆ զինվորականները տեղեկացրել են, որ իրանական նավերը բարձր արագությամբ և մոտ տարածության վրա «կտրել են» ամերիկյան նավերի ճանապարհը, նավերից մեկին նրանք մոտեցել են 45 մետր հեռավորությամբ, մյուսին` 10 մետր, սակայն մեկ ժամ հետո իրանական նավերը պատասխանել են հեռակապի զանգին և հեռացել են ամերիկյան նավերից:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղեկացրել է, որ դրանից մեկ շաբաթ առաջ ամերիկյան նավերը սադրիչ քայլեր են արել իրանական ռազմանավի նկատմամբ: Վաշինգտոնի վարկածն Իրանում բնորոշել են որպես «հոլիվուդյան»:
