Ինչ խնդիր լուծեց ատելությունը և ինչ նոր խնդիրներ ստեղծեց

Նկատելի է, որ ԵԽԽՎ-ի հետ խնդիրներից հետո իշխանությունը սկսել է նոր սրբագրումներ անել իր հրապարակային խոսքում․ պարզվում է՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի լարումն սկսվել է Թովմասյանից։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է․ «ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Հրայր Թովմասյանը հնչեցնում է քաղաքական տեքստեր՝ լինելով Սահմանադրական դատարանի նախագահ: Խոսում է խրամատներից, ինչն արդեն քաղաքական տեքստ է, որի հակառակ կողմում՝ որպես թշնամիներ, ենթադրաբար, ներկայացվում ենք մենք: Սա ի՞նչ է, եթե ոչ քաղաքական տեքստ․․․ Նման ներկայացումը նշանակում է, որ նկրտումներ կան դատական իշխանությունն ուզուրպացնելու համար: Սա վկայություն է նրա, որ ի հակառակ իշխանության ջանքերի՝ չթողնել, որ ՍԴ-ի շուրջ ճգնաժամը խորանա, տեղի է ունեցել հենց հակառակը դատարանի կողմից»։
Իհարկե, տիկին Մակունցը չի նշում, որ այս ընթացքում իրենք թիմովի Հրայր Թովմասյանին անվանել են «սատանայի փաստաբան» (հեղինակային իրավունքն Ալեն Սիմոնյանինն է), քծնող, ծառայությունների մատուցման առաջարկ անող եւ այլն։ Հին ու բարի ժամանակների նման՝ մեկ կենտրոնից ուղղորդվող թիմային որակումները, թերեւս, մրցակցում են իրար հետ։ Թե ով էլ ավելի կոպիտ ու վիրավորական որակումներ կտա, եւ, հետեւաբար, ում ստատուսն ավելի դուր կգա Ֆեյսբուքում բնակվող առաջնորդին, սա թիմում լավ գիտեն, քանի որ հատկապես կոպիտ ու կեղտոտ բառապաշար օգտագործողներին Նիկոլ Փաշինյանն իմքայլական հավաքների ժամանակ գովում է, ինչից էլ մարդիկ անուղղակի հասկանում են, թե ինչպես պահեն իրենց։ Նման գրառումների կամ հրապարակային ելույթների հեղինակների ցանկում են Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Հայկ Կոնջորյանը, Տիգրան Ուլիխանյանը, Արեն Մկրտչյանը, վերջին շրջանում ակտիվացել են նաեւ Արմեն Եղոյանն ու անգամ՝ Լիլիթ Մակունցը։
Ի դեպ, Հրայր Թովմասյանն այս իշխանության ու նրան հարողների խոսքի թիրախներից մեկն է միայն, քանի որ «լափաման»-ը, «վնգստալ»-ը, «պինցետով կպոկենք»-ը, «թաթիկները կկտրենք»-ը, «հակահեղափոխության ողնաշարը կջարդենք»-ը տարբեր ժամանակներում վերաբերել են տարբեր քաղաքական ուժերի, նայած թե ով է այդ օրը հարուցել Փաշինյանի զայրույթը։ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության շարքերից էլ այս ընթացքում աչքի են ընկել Գեւորգ Վարդանյանի դուստրը, որը սպառնում էր ականջներ ծամել, մինչեւ վերջերս անհայտ Հենրիկ Հարթենյանը, ում հեռացրին թույլ տված անզգուշության համար, քանի որ մատնել էր իրենց շարքերում հաստատված ոհմակային տրամադրությունները՝ գրելով․ «Հ. Թովմասյանի աղջկա ՖԲ-ն ա, ձեզ տեսնեմ, ժողովուրդ ջան»:
Դե, իսկ ֆեյքերի ու «աջակից» խմբերի (որոնցից ոմանց պաշտոն ուզելու տեւական ջանքերն արդեն խղճահարություն են հարուցում) որակումների՝ «պոռնկատան հավաքներ», նզովքների ու հարյուրհարկանի հայհոյանքների հատընտիրների մասին էլ չենք խոսում։ Ի դեպ, իշխանության ընդդիմախոսներից մեկը 7-մասանի ուսումնասիրություն էր արել, թե ովքեր են, ինչ ուժի են հարում Ֆեյսբուքում հայհոյող 60 կանայք։ Նրանք տնային տնտեսուհիներ, սիրող կանայք ու տատիկներ են, բայց հայհոյում են կառապանի պես։
Երեկ հերթը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանինն էր, ում մասին իմքայլական Արմեն Փամբուխչյանը գրել էր․ «Նեմեցռուբոների ու մյուսների վրա, որ ժողովուրդը դեռ չի մաքրել իր կոշիկները, դա միմիայն Նիկոլ Փաշինյանի եւ այս իշխանության շնորհիվ ա, բայց թող բոլորը հասկանան, որ մի օր էլ գուցե լցվի այդ համբերության բաժակը, եւ ժողովրդին տրվի հնարավորություն՝ ոչ միայն սրբել, այլ նաեւ համտեսել տալ իրենց կոշիկների տակացուները»։ Փաստորեն, որ գազազած մարդիկ փողոցներում Լինչի դատաստանի չեն ենթարկում ազգի դավաճան ու կոռումպացված նախկիններին, բացառապես պարտական ենք իշխանությունների «սիրուն ու թավշին»։ Մի օր էլ, փաստորեն, իշխանությունները կարող են թույլ տալ, որ մարդիկ խոսքից անցնեն գործի, այսինքն՝ մարդ ծեծեն, դանակահարեն, սպանեն։ Ի՞նչ է սա, եթե ոչ ատելության խոսք իշխանության ներկայացուցչի կողմից։
20-րդ դարի հանճարներից մեկը՝ Ֆրենկ Սինատրան, ատելության մասին ասել է․ «Ատելությունը որեւէ խնդիր չի լուծում, այն միայն ստեղծում է»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )