Բոլորին հրահանգված է չխոսել մինչեւ արտահերթը
Իմ քայլը» ֆրակցիայի հետ հանդիպմանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ Հրայր Թովմասյանի հնարավոր կալանավորումը լինելու է ոչ թե որպես ՍԴ նախագահի, այլ` որպես արդարադատության նախկին նախարարի, ու նրա վրա չի տարածվում անձեռնմխելիության նորմը։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների օրինագծին, ապա այն գործընթացի երկրորդ ասպեկտն է, որպեսզի այդ քայլով էլ ազատվեն ողջ ՍԴ կազմից, բացի Վահե Գրիգորյանից՝ մեզ պատմեց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Կկարողանա՞ք: «Այո. Վահագն Հովակիմյանի նախագիծն այդ հարցը լուծում է խիստ դետալային։ Հիմա բոլորիս հրահանգված է լռել, այդ թվում եւ Վահագին ու Մակունցին։ Ոչինչ չխոսել, մինչեւ արտահերթ նիստի քննարկումները»:
Ի դեպ, նոր օրենքն առնչվում է նաեւ Արմեն Սարգսյանին, այսուհետ օրենքները կարող են կյանքի կոչվել առանց նրա ստորագրության, ինչը դեռ չի տարածվում արտահերթի ժամանակ ընդունվելիք կանոնակարգ օրենքի փոփոխությունների վրա, կստորագրի՞ Արմեն Սարգսյանը սեփական խարակիրին։ «Այո, խելոք կստորագրի. հազար ու մի պատճառով, բայց առաջին հերթին` ինքն այնքան զգուշավոր մարդ է, որ որեւէ անկանոն շարժում չի անի»: Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Բաղրամյան 26, նախագահի հետ զրուցել էին տարբեր հարցերի շուրջ, «մտքեր էին փոխանակել» Սահմանադրական դատարանի «ճգնաժամի» հետ կապված։Նախագահ Սարգսյանը ռեւերանսներ էր արել վարչապետի հասցեին, եւ անգամ պաշտոնական հաղորդագրությունից զգացվում էր, որ շատ հուզված է այդ ուշադրությունից եւ այն հանգամանքից, որ ՀՀ վարչապետն իրեն կարեւորել է։ Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, որ սա այս տարվա առաջին հանդիպումն է, խոսել էր այն մասին, որ ՀՀ նախագահը նույնպես անդրադարձել է Սահմանադրական դատարանի խնդրին, ի դեպ, «Հրապարակի» խնդրանքով։ Մենք երեկ ներկայացրել էինք Արմեն Սարգսյանի դիրքորոշումն իրեն խաղից դուրս թողնելու փորձերի հետ կապված։ Նա թեեւ առաջին հայացքից ոչինչ չասող արտահայտություններ էր արել, սակայն հասկացրել էր, որ կարող է նաեւ խառնել իշխող ուժի պլանները եւ «ատամ ցույց տալ»։
