Գտնվել է Էդուարդ Մանեի՝ մինչ այս անհայտ կտավներից մեկը

Լեհաստանում գտնվել է ամենայն հավանականությամբ Էդուարդ Մանեի կտավներից մեկը, որը մինչ այժմ անհայտ է եղել հասարակությանը։ Նշենք, որ Մանեն ֆրանսիացի նկարիչ է ապրել է 1832-1883 թթ։ Այս մասին հայտնում է Onet.pl-ը։ Ներկայումս կտավը գտնվում է Շեցին քաղաքի հնաոճ իրերի սրահներից մեկի տնօրինության ներքո եւ հետազոտվում է մասնագետ-արվեստբանների կողմից։ Վերջիններիս նախնական եզրակացությունը կտավի՝ Մանեի վրձնին պատկանելիության մասով դրական է։ «Ընդհանուր կարծիքն այն է, որ կտավն իրոք Մանեի վրձնին է պատկանում, սակայն անհրաժեշտ է այն ցույց տալ նաեւ նկարչի ստեղծագործական ժառանգությամբ զբաղվող փորձագետներին»,- ասել է սրահի սեփականատեր Յացեկ Բուկովսկին։ Կտավում մի կնոջ պրոֆիլային դիմապատկերն է։ Ներքեւում երեւում են երկու տառ՝ «Է» եւ «Մ», ինչը մասնագետները համարում են Մանեի անվանատառային ստորագրությունը, հատկապես, որ նկարիչը իր կտավների մեծ մասն այս կերպ է ստորագրել։ Կտավը Լեհաստան է բերվել Իտալիայից՝ Երկրորդ աշխարհամարտից անմիջապես հետո։ Այն Լեհաստան բերել է իտալացի ֆաշիստների դեմ պայքարող մի լեհ զինվորական, ով եղել է Բիտոմ քաղաքից։ Կտավը մի քանի տասնամյակ հենց այնտեղ էլ գտնվել է։ Զինվորականը չի ասել, թե ով է կտավի հեղինակը եւ միայն մահվանից առաջ է իր ժառանգներին բացահայտել, որ կտավը Մանեի վրձնին է պատկանում։ Փորձագետ-արվեստաբանները կարծում են, որ նկարը Մանեի էսքաիզային գործերից է, որը նկարել է, ինչ որ այլ՝ ավելի մեծ գործ սկսելուն նախապատրաստվելիս։ Հայտնի է նաեւ, որ այդ «մեկ այլ՝ ավելի մեծ գործը» նա այդպես էլ չի սկսել։ Կտավի մոտավոր արժեքը 515 հազար ԱՄՆ դոլար է։ Ընդհանուր առմամբ արվել է կտավի երեք փորձաքննություն։ Կտավն ուսումնասիրել են նաեւ Լեհաստանի Մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարության մասնագետները, միանշանակ հայտարարելով, որ վերջինիս հեղինակը Մանեն է։ Առաջիկայում կտավն ուսումնասիրելու են նաեւ Մանեի ժառանգության ֆրանսիացի հետազոտողները եւ եթե նրանք էլ նույնը հավաստիացնեն, ապա այն կդառնա Մանեի վրձնին պատկանող միակ կտավը, որը գտնվում է Լեհաստանում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )