Խնդիրը պակասող փողի քանակի մեջ է
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է առողջության ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը:
Հիշեցնենք, որ Թորոսյանն առաջ է քաշել առողջության ապահովության մի գաղափար, ըստ որի՝ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է իր ամսական աշխատավարձի 6 տոկոսը վճարի պետությանը՝ այդպիսով ապահովագրելով թե՛ իր, թե՛ ՀՀ չաշխատող եւ ըստ այդմ՝ այդ 6 տոկոսը չվճարող քաղաքացիների առողջությունը:
«Հիմա ամփոփում ենք բոլոր առաջարկները՝ գերատեսչություններից եւ հանրությունից ստացած, որի արդյունքում փաստաթուղթը կփոխվի, ու, հավանաբար, նորից կդնենք e-draft-ում, որպեսզի հաշվի առած տարբերակն էլ հասանելի լինի: Հետո կառավարությունում էլ նորից քննարկումներ կսկսենք դրա շուրջ ու կգնանք առաջ»,-երեկ մեզ հետ զրույցում ասաց Արսեն Թորոսյանը:
– Այսինքն՝ վերջնական մտադիր եք կանգ առնել քաղաքացիներից ամսական իրենց աշխատավարձի 6 տոկոսը գանձելու որոշման վրա՞:
– Իմ ասածն էլ հենց դա է, որ այդ բոլորը հաշվի առնելով՝ հնարավոր է փոփոխություն, ինչպես ասել էի, էստեղ խնդիրը պակասող փողի քանակի մեջ է ավելի շատ եւ դրա աղբյուրների: Աղբյուրների մասով որոշում կկայացվի աստիճանաբար:
– Իսկ դա որքանո՞վ է ապահովելու սոցիալական արդարություն, քանի որ 100 հազար դրամ ստացողի դեպքում այդ 6 տոկոսը 6 հազար դրամ է, 1 մլն ստացողի դեպքում՝ 60 հազար:
– Այդ համակարգն ուղիղ սոցիալական արդարություն ապահովելու համար է ներդրվելու:
– Ինչո՞ւ պիտի 1 մլն դրամ ստացողը վճարի ավելի շատ, բայց ստանա նույն ծառայությունը, ինչ 100 հազար ստացողը:
– Որովհետեւ սոցիալական ապահովության համակարգ է դա, ոչ թե կլասիկ ապահովագրության, եւ լուծում է ամբողջ հանրության կամ հանրության մեծամասնության ֆինանսական պաշտպանվածության հարցը եւ ոչ թե միայն որեւէ անհատի ապահովագրության հարցը:
– Բայց դրանով շատ վճարողն էլ, քիչ վճարողն էլ նույն կարգի ծառայություն են ստանալու:
– Բայց լավ ծառայություն են ստանալու թե՛ բարձր, թե՛ ցածր վճարողները: Նույն տրամաբանությամբ էսօր վճարում են մնացած բոլոր հարկերը, մենք բոլորս էլ հարկերը վճարում ենք տոկոսով մեր աշխատավարձից:
– Ձեր «խորհրդատու», նախկին նախարար Լեւոն Ալթունյանը, որի հետ երբեմն հանդիպում եւ կոնսուլտացիաներ եք ունենում, նախկինում առաջարկում էր 6 հազար դրամ՝ բոլոր քաղաքացիների դեպքում:
– Ես խորհրդատու Ալթունյան չունեմ, ես շփվում եմ տարբեր մարդկանց հետ եւ տարբեր հարցերի շուրջ, էս հարցով չեմ էլ հիշում՝ խոսել եմ, թե չէ:
– Այդուհանդերձ, նա առաջարկում էր 6 հազար դրամ գումար՝ հավասարապես բոլոր քաղաքացիների համար, որով նաեւ բյուջեի վրա ընկնող բեռն էր ավելի թեթեւ լինում:
– Իր առաջարկածն ավելի ուրիշ մոդել է եղել, մեր առաջարկածը մի քիչ ուրիշ մոդել է:
