Հոդված ունեմ վաճառքի
Մի հատ լավ հոդված եմ գրել Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի մասին: Տեղը տեղին, քննադատական: Սպասում եմ՝ մեկը փողը տա, որ տպեմ: Միևնույն է, եթե այն որևէ տեղ տպագրվի կամ որևէ ձևով հրապարակվի, ինձ մեղադրելու են փողով հոդված գրելու մեջ: Դե ես էլ նախապես եմ գրել, որ հոդված ունեմ վաճառքի: Կարող եմ նաև ՀԴՄ տալ: Հա, էն էլ ասեմ, որ արդեն իրավիճակ է փոխվել, և ոչ թե լրագրողը պետք է գնա սրա-նրա դուռը, թե հոդված ունեմ, կտպե՞ք, այլ պետությունն ու ԶԼՄ-ները պետք է գան լրագրողի մոտ՝ հոդված չունե՞ս, տուր՝ տպենք:
Բա ի՞նչ եք կարծում…
Տակավին մտմտում էի ինքս ինձ՝ հայտարարե՞մ նման հոդվածի գոյության մասին, թե՞ փորձեմ ծանոթներիս միջոցով լուրը տարածել, երբ իմ հարևան Շմավոնին տեսա: Սա հետաքրքրվեց՝ թե ինչու եմ մտահոգ, ես էլ նրան ամեն ինչ դուզ-դուզ պատմեցի: Շմավոնը, որպես հին չեկիստ, անմիջապես խորհուրդ տվեց գրածս հոդվածի մասին ոչ մեկին չպատմել.
-Հո դու գիժ չես, այ մարդ, հանկարծ լուրը կընկնի Փաշինյանի ականջը, ի՞նչ ես անելու այն ժամանակ:
Նրա խոսքերի մշուրջ ես երկար մտորեցի և եկա եզրակացության, որ ազնվությունն, ամեն դեպքում լավ բան է: Եվ ուրեմն, թող Փաշինյանն էլ իմանա, որ իր մասին քննադատական հոդված եմ գրել ու պատրաստվում եմ վաճառել: Ի վերջո ինքն է ասել, որ բազմոցին պառկելով աղքատությունը հաղթահարել հնարավոր չէ: Ես էլ վեր եմ կացել բազմոցից, նստել համակարգչի դեմ, ի մի եմ բերել իր ու իր ընտանիքի մասին եղած հրապարակումներն ու այդ ամենի հիմքի վրա մի լավ հոդված գրել, քննադատական, տեղը տեղին: Հիմա դա իմ աշխատանքի արդյունքն է, վաճառում եմ, արժե ուղիղ… Չէ, ավելի լավ է գինը չասեմ: Մեկ էլ տեսար լավ գնորդ ճարվի, ու այնպիսի գին առաջարկի, որ նույնիսկ մտքովս չի անցել:
Այսուհանդերձ, պետք է ասեմ, որ Փաշինյանին քննադատող հոդվածները լավ պահանջարկ ունեին 2018-ի վերջերին և 19-ի սկզբներին: Հայաստանում էլ, դե գիտեք ինչպես է, երբ մեկի գործը «կպնում է», բոլորն ուզում են հենց այդ գործն անել: Այսօր շուկայում այնպիսի մրցակցություն է, որ առանձնապես մեծ հոնորարներ չեն էլ տալիս «հակահեղափոխական» հոդվածների համար: Եթե առաջ «պատվիրատուները» թռցնում էին «հականիկոլական» գրառումներն անգամ, ապա հիմա «ֆեյսբուքն» ու ԶԼՄ-ները լիքն են այդպիսի հոդվածներով: Էջին լավագույն դեպքում 3000 դրամ են վճարում, մինչդեռ մեկ իշխանամետ հոդվածի համար այսօր կարելի է ընդհուպ 200-300 դոլար աշխատել:
Մենք ազատ երկրում ենք ապրում, և ես մտադիր չեմ «գնորդից» հետաքրքրվել, թե ինչ նպատակով է ուզում գնել հոդվածս: Ավելին, կարող եմ նրա անունն ընդհանրապես չհրապարակել, եթե նա այդպես կամենա: Փողը տվեց՝ վերջ, հոդվածն իրենն է, կուզի թող տպել տա մի տեղ, չի ուզի՝ թող միայն ինքը կարդա: Չզարմանաք, բայց ես պատրաստ եմ հոդվածս վաճառել նաև Փաշինյանին, եթե նա ցանկություն հայտնի գնել այն և հեռու մնալ շառուփորձանքից: Բանն այն է, որ դա ամենաշատը հենց իմ ու նրա շահերից է բխում: Ինձ համար, դիցուք՝ շատ կարևոր է, որ Փաշինյանի մասին հոդվածը Փաշինյանը կարդա և ոչ թե պատահական մարդիկ, որոնք հետո իրենց ՖԲ էջերում լուն դավա սարքած են ներկայացնում: Փաշինյանին մի բան էլ էժան կտամ, զեղչով: 150 հազար տա՝ իրեն կվաճառեմ հոդվածս, որ ամենաքիչը 300 հազար արժե: Իսկ թե ինչո՞ւ այդքան թանկ, դատեք ինքներդ՝ ի՞նչ է, ձեր կարծիքով հե՞շտ է Փաշինյանի մասին հոդված գրել, որի մեջ միախառնված են փաստեր, հետաքննություններ, վերլուծություններ և անգամ չափածո հատվածներ: Չե՞ք հավատում: Կարող եմ այստեղ մի փոքրի մեջբերում անել Նիկոլ Փաշինյանի լեռնագնացության պատմությունից, որ ներառված է հոդվածիս մեջ.
Դահուկները՝ ոտքերիս,
Տաք ձեռնոցներ՝ ձեռքերիս,
Տղերքի հետ կուզեկուզ,
Որտեղ ահ էր՝ սուսուփուս,
Ուսած պարկը իմ թավիշ՝
Ես բարձրացա Արտանիշ
Արտանիշի գագաթից,
Հեռու շառից, փորձանքից,
Ռոհանիին գեղովի,
Թրամփին ջոկ տեղովի,
Ասի՝ նստեք տեղներդ,
Որ չկտրեմ ցեղներդ…
Աշխարհ լսեց՝ հիացավ,
Բայց ինչ եղավ՝ չիմացա…
«Տո լի» խփին Թրամփին,
«Տո լի» Պուտինն էր ճամփին…
Երբ «ախրանկես» փահլևան,
Ինձ տանում էր Երևան…
Ասեմ նաև, որ հոդվածս վերաթարմացվել է և այնտեղ իր արժանի տեղն է գրավել նաև Փաշինյանի թատերասեր ընտանիքի արկածների մասին պատմող գլուխը: Այն ամբողջականացված է հենց Փաշինյանի արած սելֆիով, որ մեզ սովորեցնում է, թե ինչպիսի հագուկապով չի կարելի թատրոն գնալ:
Այլ մանրամասներ, կներեք, ներկայացնել չեմ կարող, որովհետև դա կարող է անդրադառնալ պահանջարկի վրա, որ, հույս ունեմ, այս ընթացքում առաջացավ իմ անկեղծ խոստովանության շնորհիվ:
Հ.Գ. Երևանում ձյուն է գալիս: Դա նշանակում է, որ բնությունը չի մոռացել, թե ինչ օր է այսօր: Այսօր մենք ոտք ենք դնում 2020 թվական: Հին տոմարով, բայց ամեն դեպքում՝ Նոր տարի է, ասենք՝ շնորհավոր:
