«Մի պատմություն հավատարմության, դավաճանության և սխալ անունների մասին»
Մի օր անտառի եզրին հանդիպում են գայլն ու շունը։
— Դե ի՞նչ, բարեկա՛մ,— ծաղրական ժպիտով հարցնում է գայլը,— ի՞նչ հասկացար մարդկանցից։
Շունը տխուր պատասխանում է.
— Մի բան հասկացա։ Երբ մարդիկ ուզում են վիրավորել կամ նսեմացնել մեկին, նրան «շուն» են անվանում։
Գայլը ծիծաղում է.
— Իսկ դու երբևէ վնասե՞լ ես նրանց ընտանիքին։ Դավաճանե՞լ ես նրանց։
— Ո՛չ։ Երբեք։
— Իսկ իմ նմաններից պաշտպանե՞լ ես նրանց։
— Այո՛։ Նույնիսկ կյանքս վտանգելով։
Գայլը մի պահ լռում է, հետո հարցնում.
— Իսկ գիտե՞ս՝ փորձառու, խորամանկ ու խորագետ մարդկանց նրանք երբեմն ինչ են անվանում։
— Գիտեմ։ «Գել»։
Գայլը ժպտում է.
— Տեսա՞ր, շո՛ւն։ Ես հոշոտում եմ նրանց անասուններին, վնասում նրանց, երբեմն էլ մեջքից եմ հարվածում։ Բայց նրանք իմ նմաններին «գել» են անվանում՝ կարծես դա հպարտանալու բան լինի։
— Իսկ դու,— շարունակում է նա,— ամբողջ կյանքդ նրանց կողքին ես եղել, պաշտպանել ես նրանց տունը, ընտանիքն ու ունեցվածքը… Բայց երբ ուզում են մեկին նվաստացնել, հենց քո անունն են ընտրում։
Շունը լուռ նայում է գայլին։
Գայլը շրջվում է հեռանալու և վերջին անգամ ասում.
— Երևի մարդկանց աշխարհում երբեմն անուններն են խառնվում իրար․ վտանգավորին կարող են մեծարել, իսկ հավատարիմին՝ վիրավորել։
Խրատը.
Մարդկային հարաբերություններում երբեմն պատահում է, որ մարդիկ մեծարում են նրանց, ովքեր իրենց ցավ են պատճառում, իսկ թերագնահատում են նրանց, ովքեր անկեղծորեն ու հավատարմորեն կանգնած են իրենց կողքին։
Եվ ամենացավալին այն է, որ հաճախ մարդուն գնահատում են ոչ թե նրա արածով, այլ այն անունով, որը տվել են նրան։
