2027 թվականի պետական բյուջեում 468.2 մլրդ դրամի պակասուրդ է նախատեսվում
ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։
Նախագծի համաձայն՝ 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 603.8 մլրդ դրամ, ծախսերը՝ 4 տրիլիոն 72 մլրդ դրամ, իսկ բյուջեի պակասուրդը՝ 468.2 միլիարդ դրամ։
Պակասուրդի ֆինանսավորման համար նախատեսվում է ներգրավել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից միջոցներ։ Մասնավորապես՝ 187.5 մլրդ դրամը նախատեսվում է ապահովել ներքին աղբյուրներից, իսկ 280.7 մլրդ դրամը՝ արտաքին աղբյուրներից։ Պաշտոնական դրամաշնորհները նախատեսվում են 14.2 մլրդ դրամ, իսկ այլ եկամուտները՝ 126.9 մլրդ դրամ։
Համայնքների 2027 թվականի բյուջեները գնահատվում են՝
1) եկամուտների գծով՝ 417.6 մլրդ դրամ (ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները),
2) ծախսերի գծով՝ 417.6 մլրդ դրամ:
2027 թվականի ընթացքում օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս Կենտրոնական բանկը պետք է առաջնորդվի 12-ամսյա գնաճի 3 տոկոս նպատակային՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում ցուցանիշով: Իզաբելլա Պապյան
