Ամուլսարը վտանգված է․ սա միայն բնապահպանների պայքարը չէ, այլ բոլորիս պատասխանատվությունը
Այսօր կառավարությանը թթվային ջրեր են նվիրել՝ ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելով Ամուլսարի հանքավայրի շահագործման հնարավոր բնապահպանական հետևանքների վրա։
Խնդիրը միայն բնապահպանների մտահոգությունը չէ։ Նրանք կարող են բարձրաձայնել վտանգի մասին, ցույցեր անել և ահազանգել, բայց բնապահպանական անվտանգության ապահովումը պետության և յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունն է։
Եթե վտանգված է Հայաստանի կարևորագույն ջրային պաշարներից մեկը, ապա սա այլևս քաղաքական պայքարի կամ կուսակցական նախասիրությունների հարց չէ։Այսօր ոմանք տարված են քաղաքական ինտրիգներով, պաշտոնների ու աթոռների շուրջ պայքարով, մինչդեռ վաղը կարող է շատ ուշ լինել։ Եթե Ամուլսարի խնդրի վերաբերյալ հնչող մտահոգություններն իրականություն դառնան, դրա հետևանքները կարող են զգալ ոչ միայն հանքավայրի հարակից համայնքների բնակիչները, այլև շատ ավելի լայն շրջանակներ։
Ամուլսարը միայն լեռ չէ։ Այն մեր բնության, ջրային պաշարների և ապագայի հարցն է։
Արթնացե՛ք։ Շրջակա միջավայրը կուսակցական պատկանելություն չի ճանաչում։ Մեր տունն է վտանգված, և լռությունն այս դեպքում լուծում չէ։
Կեցցե՛ն պայքարողները, հավատացողներն ու իրենց երկրի վաղվա օրով մտահոգ մարդիկ։
